ArmNews TV-ի պատրաստած ռեպորտաժը 2014թ. Ախթալայի խորովածի փառատոնի մասին
Արդեն 6-րդ անգամ Ախթալայում տեղի կունենա խորովածի փառատոնը: Այս տարի փառատոնը կառանձնանա մի շարք նորություններով: «Մասնակիցներից մեկը յուրահատուկ ձևով է պատրաստելու խորոված: Նա առաջարկում է պատրաստել խորովածն այնպես, ինչպես մեր պապերն են ժամանակին ասել` կրակի կողքի խորովածն է համեղ: Նա մեջտեղում կրակ է վառելու, իսկ կողքերին շարելու է խորովածը: Բացի այդ` այս տարի փառատոնին մասնակցելու է Վանաձորի մանկատան ու հատուկ դպրոցների երեխաներից բաղկացած թիմ, որն անտառից հատապտուղ է հավաքելու, տեսակավորելու ու վաճառելու: Մենք նաև պատրաստվում ենք առաջին տեղ գրաված խորովածը աճուրդով վաճառել ու հասույթը տրամարել այդ դպրոցներին»,-հայտնեց փառատոնի համակազմակերպիչ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նրա տեղեկացմամբ` փառատոնին յուրահատուկ ներկայություն է ունենալու հայկական բանակը: «Բանակն իր սննդից հատուկ ամաններով շիլա է բաժանելու ժողովրդին, որ նրանք տեսնեն, թե իրենք ինչպես են սնվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մամուլյանը:
Նա փառատոնի ամենամեծ ձեռքբերումն է համարում այն, որ տեղի բնակչությունն անհամբերությամբ սպասում է փառատոնին, իսկ շատ հայեր տեղեկացել են Ախթալայի` որպես զբոսաշրջային վայրի մասին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը ևս փառատոնը հաջողված է համարում, որը պետական-մասնավոր համագործակցության լավագույն օրինակ է: «Նմանատիպ փառատոնները մի շարք կարևոր խնդիրներ են լուծում. համայնքներում զբոսաշրջության զարգացումը, հայկական զբոսաշրջության արդյունքների դիվերսֆիկացիան: Կարևորն այն է, որ թե ներքին, թե միջազգային շուկայում բոլորը գիտեն խորովածի փառատոնի մասին, շատերը պատրաստվում են դրան մասնակցել: Տեղացիներն էլ պատարստվում են, որ հավուր պատշաճի հյուրընկալեն փառատոնի մասնակիցներին»,-հայտնեց Ապրեսյանը:
Նրա խոսքով` փառատոնի հաջողվածության ցուցանիշներից մեկն էլ այն է, որ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ են անդրադառնում միջոցառմանը:
Արդեն երրորդ տարին է, որ փառատոնին է միացել The Beautified Project ռոք խումբը: Խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը նշեց, որ փառատոնին հանդես են գալու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային կատարումներով: «Փառատոնի ժամանակ կատարումներով հանդես կգան նաև Լոռու մարզից երգիչ-երաժիշտներ, «Հայաստանի ձայն.-ի մասնակիցներ, հրավիրված են նաև տարբեր պարախմբեր, որոնք իրենց պարերի մեջ կընդգրկեն նաև ժողովրդին»,-ասաց Անդրե Սիմոնյանը:
Աղբյուրը՝ Lurer.com
Լուսանկարները՝ Խորովածի համահայկական փառատոն ֆեյսբուքյան էջից և enjoyarmenia.com կայքից