Ինդոնեզիական Բալի կղզին, որը մեծ համբավ է վայելում էկոլոգիական զբոսաշրջություն, լողափնյա հանգիստ, սերֆինգ և դայվինգ նախընտրողների շրջանում, պատրաստվում է Նոր Տարվան, որը այստեղ նշվում է մարտի 31-ին: Տոնը կդիմավորեն ավանդական Լռության Օրով: Տոնը սկսվում է հանրահայտ գունագեղ դիմակահանդեսով, որի մասնակիցները թմբուկների և այլ երաժշտական գործիքների հնչեցրած ձայների ներքո կտանեն սատանայի տեսքով խրթվիլակներ, որոնք խորհրդանշում են մեղքերը և չարը: Երթի նպատակը բոլոր չար ոգիներին վախեցնելն է: Գիշերը այդ խրթվիլակները կայրեն, իսկ առավոտյան կտիրի լռությունը: Հարկ է նշել, որ Լռության Օրը Բալիի բնակիչները չեն աշխատում, չեն աղմկում, նախընտրում են նստել տանը լռության մեջ: Կանոնակարգին կհետևի հատուկ պահակախումբը: Ակտիվություն չեն կարող ցուցաբերել անգամ զբոսաշրջիկները: