Կուբայի մայրաքաղաքում հայտնվել է թանգարան` նվիրված Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են երկու պետությունների ղեկավարները և այլ բարձրաստիճան այրեր: Նոր ցուցահանդեսային համալիրը գտնվում է իսպանական գաղութային Սան Կարլոս (Fortaleza de San Carlos) բերդի տարածքում:
Թանգարանում կարելի է տեսնել անձնական իրեր, այդ թվում` Չավեսի ռազմական համազգեստն ու կոշիկները: Ցուցահանդեսը նաև պատմում է Վենեսուելայի պատմության մասին. հայտնում է Gazeta.ru-ն: Ուգո Չավեսը մահացել է 2013 թվականի մարտի 5-ին քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո: Նա կառավարել է Վենեսուելան 14 տարի, իսկ մահվանից մի քանի ամիս առաջ հաղթել է հերթական նախագահական ընտրություններում:
Չավեսի գործունեությունը հսկայական ներդրում է եղել Կուբայի պատմության մեջ: Մասնավորապես, 2006 թվականին քաղաքական գործիչը ներդրել է «բարիքի առանցք» եզրույթը (ի հակադրություն ամերիկյան «չարիքի առանցքին»)` նշելով Վենեսուելայի, Կոււբայի և Բոլիվիայի միությունը: Բացի այդ, ծանր հիվանդության դեմ Չավեսը բուժվում էր հենց Կուբայում: