Երևանում բացվել է առաջին հակասրճարանը

Օրերս Երեւանի կենտրոնում բացվել է առաջին հակասրճարանը: Մի խումբ խանդավառ երիտասարդներ որոշել են բացել մի հաստատություն, որի նպատակն ընկերների հետ հաճելի ժամանցն է, ինչպես նաև` գործնական հանդիպումներ անցկացնելն ու առանձնանալը: «Aeon»-ը հաճախորդներին ոչ միայն առաջարկում է իր տարածքը, այլև` ժամանցի բազմաթիվ միջոցներ:

Նման հաստատությունները բավական տարածված են Եվրոպայում, եւ կոչվում են time café կամ խաղալ ցանկացած խաղ: Բացի այդ, «Aeon»-ը Երևանի միակ հաստատությունն է, որտեղ կարելի է գալ սեփական ուտելիքով ու ըմպելիքով:

Հակասրճարանում պարբերաբար կազմակերպվելու են տարբեր խաղեր, կինոդիտումներ, երաժշտական երեկոներ եւ այլն: Հաստատությունը բաժանված է չորս գոտու. սրճարան, որտեղ կարելի է ճաշել, մեծ միջոցառումներ կազմակերպել, հանգստի գոտի, որտեղ կարելի է հանգստանալ և ընթերցանությամբ զբաղվել, բիզնես-գոտի, որտեղ կարելի է թրեյնինգներ կազմակերպել, աշխատանքային հանդիպումներ անցկացնել, եւ բարի շուրջ գտնվող գոտի:

«Մենք որոշեցինք Երեւանում հակասրճարան բացել՝ հիմնվելով մեր իսկ պահանջարկի վրա: Նախ՝ երբեմն ցանկանում ես մենակ ժամանակ անցկացնել, իսկ այդպիսի վայրեր Երեւանում չկան: Մենք դրա համար անհրաժեշտ ամեն ինչ ապահովում ենք: Երկրորդ՝ պատահում է, որ ընկերներով ցանկանում ենք կինոդիտումներ, խաղեր, թրեյնինգներ, համաժողովներ կազմակերպել, հանգիստ միջավայրում նստել՝ առանց բարձր երաժշտության, բայց հարմար տեղ չենք գտնում: Մեր սրճարանը նման միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում»,- պատմում է «Aeon»-ի հիմնադիրներից Մանուշակ Վահրամյանը:

«Aeon»-ը գտնվում է Տերյան փողոցում: Ցերեկային ժամերին այստեղ մեկ ժամն արժե 600 դրամ, ժամը 18:00-ից հետո՝ 1.000 դրամ: Փոխարենն այցելուներին առաջարկվում է անսահմանափակ քանակությամբ թեյ, սուրճ, թխվածքաբլիթներ, այլ թեթեւ խորտիկներ: Ինչպես արդեն նշեցինք, այցելուները կարող են նաեւ իրենց հետ ուտելիք և ըմպելիք բերել: Որոշակի օրերին հաստատությունում կարելի է նաև ալկոհոլային խմիչք ձեռք բերել: Հարկ է նկատել, որ բաց տարածությունում ծխելն արգելված է: Սակայն ծխողների համար սրճարանում հատուկ գոտի կա:

«Aeon» թարգմանաբար նշանակում է հավերժություն, անվերջություն: Մեր սրճարանի համար ընտրեցինք այս անվանումը, քանի որ նախ՝ մենք այն ժամանակավոր ենք «վարձում», և երկրորդ՝ ցանկանում ենք այցելուների համար այնպիսի ժամանց կազմակերպել, որպեսզի ժամանակը նրանց համար հաճելի լինի և աննկատ անցնի»,- նշում է Մանուշակը:

Աղբյուրը՝ news.am

You might also like