Իսպանիայի Բարսելոն քաղաքում Սուրբ Ծննդյան նախաշեմին զբոսաշրջիկներին առաջարկում են միջոցառումների լայն ընտրանի: Այսպես` երաժշտության սիրահարներին դեկտեմբերին սպասվում է լայնածավալ երաժշտական ծրագիր, իսկ հունվարի 3-ին Լիսեո համերգասրահում տեղի կունենա համաշխարհային օպերային աստղ Մոնսարատ Կոբալիեի համերգը: Նախատոնական օրերին հաճելի և հարմար է գնումներ կատարել Բարսելոնի նորաձև բուտիկներում և հանրախանութներում, հայտնում է Catalán Tourist Board-ը:
Գնումների սիրահարներին կատալոնյան մայրաքաղաքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ, զեղչեր և նվերներ: Հատուկ գովազդային ընկերությունը` BCN Christmas Shopping-ը, ամբողջապես ռիթմի մեջ է: Խանութները կաշխատեն նաև տոնական օրերին, մասնավորապես` դեկտեմբերի 8-ին, 11-ին և 18-ին:
Գուրմաններին Բարսելոնան մշտապես գրավել է և նախաամանորյա օրերին ևս բացառություն չէ: Միակ բանը, որ ձմռանը պետք է փորձել, ավանդական կատալոնական շոգեխաշած միսն է` «լա էսկուդելան», ինչպես նաև` ամանորին շողշողացող գինով բաժակ բարձրացնելուց մի քանի րոպե առաջ համտեսել տասներկու խաղողի հատիկներ, այդ ընթացքում պահելով ցանկություն, որն էլ անպայման պետք է իրականա:
Սպորտի և ակտիվ հանգստի սիրահարներին սպասում է Կատալոնիայի հրապարակում կառուցված սահադաշտը, որը բաց կլինի դեկտեմբերից մինչև հունվարը: Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա 11 կմ երկարությամբ քայլելու սպորտային մրցույթը` Caminada del Nadal-ը: Դեկտեմբերի 25-ին կանցկացվի Սուրբ Ծննդյան լողի մրցույթներ` Copa Nadal del Natació, իսկ դեկտեմբերի 31-ին կկայանա լողի մրցույթ, բայց արդեն սան Սեբաստիան լողափում (First Swim of the Year):