Ավստրալիացի գործարարները ստեղծել են լողազգեստի նոր տեսակ՝ հիդրոկոստյում-ռեպելենտ: Առայժմ ստեղծվել է երկու հավաքածու՝ կապույտ և սև-սպիտակ գույներով: Լողազգեստները ստեղծվել են այն ուսումնասիրությունների հիման վրա, թե ինչպես են շնաձկները տեսնում իրենց զոհին, այդ պատճառով հատուկ գունավորումը և քողարկման նոր տեսակը, հեղինակների կարծիքով, կվախեցնի ծովային գիշատիչներին:
Մասնավորապես, կապույտ գույնը շփոթություն է առաջացնում շնաձկան վիզուալ համակարգում, և նա չի կարողանում հարձակման ճիշտ եղանակ ընտրել. հայտնում է Ridus-ը: Իսկ մյուս լողազգեստի սև-սպիտակ գծերը նախատեսված է գիշատչին ազդարարելու, որ օբյեկտը ուտելի չէ: «Շատ գիշատիչներին գծավոր պատկերը վանում է, քանի որ բնության մեջ այն ազդանշան է, որ պոտենցիալ զոհը վտանգավոր է ուտելու համար»,-նշում են գիտնականները:
Ինչպես հայտնում է Thedrum.com-ը՝ ուսումնասիրությունը իրականացվել է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի աջակցությամբ: Հեղինակները արդեն իրականացրել են մի քանի հաջողված փորձեր մանեկենների և վագրային շնաձկների հետ բնական պայմաններում: Հետագա փորձարկումները կշարունակվեն Հարավային Ավստրալիայի և Հարավային Աֆրիկայի ափերին, երբ հարավային կիսագնդում ամառ գա: