Փոփ մշակույթ. աշխարհի կարևոր թանգարանները` Էրմիտաժ

Կրթված զբոսաշրջիկի համար անխոս մշակութային մինիմումը գոնե մեկ թանգարան այցելելն է ամեն այցելվող երկրից: Բացառություն են կազմում արվեստի էպիկենտրոն համարվող քաղաքները` Փարիզը, Լոնդոնը և Նյու Յորքը, որոնցից յուրաքանչյուրում կա նվազագույնը երեք գլուխգործոցներով լի գանձարան: Որպեսզի օգնենք Ձեզ կողմնորոշվել համաշխարհային մակարդակի բազմաթիվ թանգարանների հարցում, մենք կազմել ենք ամենահետաքրքիր, ճանաչված և արժեքավոր թանգարանների ցանկը` դասակարգելով դրանք ըստ տարեկան այցելությունների: Ընդգծեք  նրանք, որտեղ արդեն այցելել եք և ծրագրեք հաջորդ մշակութային արձակուրդը:

Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ

The Hermitage

Ամենահարուստ և շատ այցելվող ռուսական թանգարանը տարեկան ընդունում է գրեթե երեք միլիոն այցելու: Նևա գետի երկայնքով տեղակայված վեց հաստատություններում կա գլուխգործոցների հսկայական հավաքածու՝ սկսած քարե դարից, մինչ՝  XX  դարի վերջ: Թանգարանը հիմնադրվել է  1764  թվականին՝ որպես Եկատերինա II թագուհու մասնավոր հավաքածու, այն բանից հետո, երբ նա Բեռլինից  ձեռք բերեց 255  նկարներից բաղկացած  հավաքածուն: Զարմանալի չէ, որ Հին վարպետների պատկերասրահը լավ արտացոլում է կայսրուհու ակադեմիական ճաշակը՝ Բարձր Վերածնունդ, Բոլոնյան դպրոց, «փոքրիկ հոլանդացիներ», Ռուբենսի և Տեպոլոյի շրջան, ֆրանսիական կլասիցիզմ և ռոկոկո: Ավելի ուշ հավաքածուն մեծացավ՝ մինչև երեք միլիոն ցուցանմուշ, որոնց մեջ կարելի է գտնել Դա Վինչի և Պիկասո, Գոգեն, Սեզան և Վան Գոգ, Գոյա և Վան Դեյկ, Պուսեն և Տիցիան:

You might also like