Իտալիայի մայրաքաղաքում հայտնվել է «Homerestaurant» անունը կրող նոր ծառայություն զբոսաշրջիկների համար. Հռոմի հյուրերին հնարավորություն կտրվի ընթրել տեղի բնակիչների տանը՝ վայելելով տեղին բնորոշ ուտեստների համը և տանտերերի հյուրընկալությունը:
Գաղափարի հեղինակ Դանիելա Նուրցիայի կարծիքով՝ «Հռոմեական ընթրիքները» թույլ կտան հյուրերին ավելի լավ ճանաչել հասարակ հռոմեացիներին և նրանց մշակութային ավանդույթները, իսկ հյուրընկալ տանտերերին՝ գումար վաստակել: Հատուկ դրա համար բացված Ceneromane.it կայքում բոլոր նրանք, ովքեր ցանկանում են փորձել տնական իտալական խոհանոցը, կարող են ընտրել այն տունը, որի ճաշացանկը համապատասխանում է իրենց ճաշակին և հանդիպման օր նշանակել:
Բոլոր տանտերերը մինչև նախագծին մասնակցելը անցնում են հատուկ դասընթացներ՝ ապահովելով հյուրերի համար բոլոր սանիտարական նորմերը: «Հռոմեական ընթրիքների» ճաշացանկը, սկսած՝ խորտիկներից, մինչև՝ աղանդեր, հիմնված է Լացիո տարածաշրջանի խոհանոցին բնորոշ ուտեստների վրա: