ԱՄԷ-ի էմիրություններից մեկը` Շարժան, անվտանգության նկատառումներից ելնելով կփակի իր լողափերի մի մասը: Նախորդ տարվա լողի սեզոնին Շորժայի ափամերձ հասարակական հանգստյան գոտում խեղդվել է 11 մարդ, իսկ այս տարվա սկզբից` արդեն 4 մարդ: Անցած ամիս այստեղ գրեթե խեղդվելիս է եղել 6-ամյա մի տղա Ռուսաստանից. բարեբախտաբար հաջողվել է նրան փրկել: Ընդհանուր իրավիճակից ելնելով` իշխանությունները որոշել են ցանկապատով սահմանափակել դեպի ծով մուտքը որոշակի տարածքներում` վախենալով հետագա դժբախտ պատահարներից:
Արգելքը կգործի նվազագույնը ամբողջ ամառվա ընթացքում: Վերլուծելով ստեղծված իրավիճակը` մասնագետները նշում են, որ Շարժա և Աջման էմիրությունների սահմանին մոտ գտնվող ափամերձ հատվածի մեծ մասը վտանգ է ներկայացնում: Այստեղ լինում են բարձր ալիքներ, որոնք կարող են դեպի ծովը տանել նույնիսկ ամենափորձառու լողորդին. հայտնում է News.gazeta.kz-ն: Դժբախտ պատահարները կանխելու համար Շարժայի իշխանությունները տպագրել են հազարավոր բրոշյուրներ անգլերեն և արաբերեն լեզուներով` դեպի ջուրը մուտքը արգելող նշանները չանտեսելու զգուշացումներով: Բրոշյուրները կբաժանվեն առևտրի կենտրոններում և ափամերձ հատվածում:
Իրենց հերթին էմիրությունների բնակիչները հորդորում են իշխանություններին ավելի մեծ քայլեր ձեռնարկել հանգստացողների պաշտպանության համար. գրում է Thenational.ae-ն: Մասնավորապես, հանգստյան գոտիներում պետք է կառուցվեն փրկարարական աշտարակներ, հատկացնել պարեկներ, վերազինել առողջարանային կենտրոնները: