Սաուդյան արքայազններից մեկը, փարիզյան «Դիսնեյլենդում» նշելով համալսարանական կրթության ավարտը, ծախսել է 15 միլիոն եվրո: Տոնը տևել է երեք օր` մայիսի 22-ից 24-ը: Արքայազնի հետ Փարիզի ժամանցային այգում հանգստացել են ևս 60 մարդ` ընկերները և շրջապատի անդամները: Միջոցառումը մասնավոր բնույթ է կրել, բայց ամբողջ այգին չի փակվել: Արքայազնի պահանջով այցելուների մուտքը սահմանափակ է եղել միայն այգու մի մասի և որոշ ատրակցիոնների համար. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընդ որում` «Դիսնեյլենդի» անձնակազմը ստիպված էր հատուկ միջոցներ ձեռնարկել բարձրաստիճան այցելուի անվտանգության համար, բացի այդ, կազմակերպվել են հատուկ ներկայացումներ` մուլտհերոսների մասնակցությամբ: Եվրոպական ԶԼՄ-ների մեծամասնությունը, հայտնելով «արքայազնի խնջույքների» մասին, նշում են նրա անունը` Ֆահդ Ալ Սաուդ: Mirror.co.uk-ի տվյալներով` Ալ Սաուդը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արաբական երկրների ամենահարուստ մարդկանցից մեկի` Նաիֆ Բին Աբդ ալ Ազիզ Ալ Սաուդի որդին է:
Սակայն Ֆահդ Ալ Սաուդի պաշտոնական էջում արդեն հայտնվել է հերքում. առաջին հերթին, տվյալ արքայազնը համալսարանը ավարտել է տարիներ առաջ, և հետո, նա այնքան էլ հետաքրքրված չէ զվարճանքի այգիներով: Ինչևէ, մի հարուստ և ազնվական իսկապես հեռացել է Դիսնեյլենդից` թողնելով այնտեղ 15 միլիոն եվրո գումար, միևնույն ժամանակ` կարողանալով պահպանել գաղտնիությունը: