Վերջին հանգստյան օրերին Հռոմի տեսարժան վայրերից մեկը` «Չորս գետեր» շատրվանը, երկու անգամ ենթարկվել է վանդալիզմի օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից: Սկզբում հսկողության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես են քսան երիտասարդ տղաներ և աղջիկներ ցատկել շատրվանի մեջ և սկսել զվարճանալ: Նրանցից մեկը նույնիսկ բարձրացել է վիշապի արձանի վրա: Սակայն երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանք անմիջապես և արագ հեռացել են:
Քիչ ավելի ուշ կրկին հսկողության տեսախցիկների օգնությամբ հայտնաբերվել են տղամարդիկ, որոնք մերկ վիճակում լողացել են շատրվանում. հայտնում է Wantedinrome.com-ը: Բայց նրանց արդեն չի հաջողվել խուսափել արդարադատությունից, և այժմ 32- և 33-ամյա իսպանացի զբոսաշրջիկները տուգանք կմուծեն վանդալիզմի և հակահասարակական վարքագծի համար: «Չորս գետեր» շատրվանը Հռոմի ամենահայտնի շատրվաններից մեկն է և գտնվում է Նավոնա հրապարակում:
Այն կառուցվել է 1648—1651 թվականներին` Բերնինի ճարտարապետի նախագծմամբ: Մեկնաբանելով վերջին իրադարձությունները` քաղաքային իշխանությունները նշում են, որ Հռոմում շատ են հուշահամալիրները և դրանցից յուրաքանչյուրի մոտ ոստիկան կանգնեցնել հնարավոր չէ: Բայց տեսախցիկների առկայությունը հնարավորություն է տալիս և բռնել մեղավորներին, և նվազագույնի հասցնել վանդալիզմի դեպքերը: