Մայամիի օդանավակայանը մասամբ էվակուացվել է ուղևորներից մեկի մոտ կասկածելի առարկա հայտնաբերելուց հետո: Տարհանման է ենթարկվել D սրահի 3-րդ անցակետը, որը սպասարկում է ԱՄՆ-ի ներսի չվերթները: Կասկածելի օբյեկտը հայտնաբերվել է նախնական հետազոտման ժամանակ. անվտանգության ծառայության ներկայացուցիչները էկրանին նկատել են նռնակ. հայտնում է News.yahoo.com-ը:
Ու, թեև, պարզվել է, որ դա ընդամենը նռնակի տեսքով կրակայրիչ է, այնուամենայնիվ օդանավակայան են կանչել սակրավորների: Ինչպես հայտնում է Regnum գործակալությունը՝ տագնապից մեկ ժամ անց անցակետի աշխատանքը վերականգնվել է: Այդ ընթացքում թռիչքները չեն հետաձգվել, իսկ ուղևորներին ուղարկել են մյուս անցակետերը:
ԱՄՆ-ի օդանավակայանները գործում են անվտանգության խիստ ռեժիմով ապրիլի 15-ին Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Ուղևորներին խնդրվում է լուրջ վերաբերվել իրավիճակին և օդանավակայան չբերել զենք հիշեցնող իրեր: