Ապրիլի 14-ին առաջին անգամ Հայաստանում Նուբարաշենի հրաձգարանում տեղի ունեցավ Jeep Trophy Sprint տիպի միջազգային բաց մրցարշավ «Motul Quadra Drive 2013» խորագրով:
Մրցարշավը կազմակերպել էին «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան և «Նակօյլ» ընկերությունը իր Motul ապրանքանիշի ավտոյուղերով՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի աջակցությամբ:
Մրցարշավին բացի հայ մարզիկներից ներկա էին մարզիկներ Վրաստանից, Իրանից, Թուրքիայից: Ստանդարտ դասի համար նախատեսված էր 1100 մ երկարությամբ մրցուղի, իսկ սպորտ դասի համար՝ 1280 մ: Հաղթող էր ճանաչվելու այն մասնակիցը, ով բոլորից շատ պտույտներ կաներ մրցուղում: Ներկայացված ստանդարտ դասում hաղթեցին՝
- Սարգիս Մելիքյանը՝ Pajero IO մեքենայով,
- Դավիթ Մովսիսյանը՝ Niva մեքենայով,
- Անդրանիկ Աբրահամյանը՝ Pajero IO մեքենայով:
Իսկ սպորտ դասում հաղթեցին՝
- Լյուդվիգ Երմազյանը՝ Jeep Wrangler մեքենայով,
- Դավիթ Մարտիրոսյանը՝ Toyota LC 73 մեքենայով,
- Ստեփան Ստեփանյանը՝ Jeep Grand Cherokee մեքենայով:
«Նման բարձր մակարդակ չէի սպասում, առաջին անգամ եմ Հայաստանում, հիացած եմ հայ մարզիկների պատրաստվածությամբ: Ափսոս, որ չհաղթեցինք, բայց ոչինչ, հաջորդ անգամ ավելի պատրաստված կգանք» – ասաց իրանցի մասնակից Հասան Հաչին:
«Սա նման տիպի մրցույթ կազմակերպելու մեր առաջին փորձն էր, մեր սպասածից ավելի լավ արդյունք ստացանք, հետագայում նման մրցույթները կլինեն շարունակական» – ասաց «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը: