Յուրօրինակ սպիտակ վագրիկների կարելի է տեսնել Ճապոնիայում
Ճապոնիայի կենտրոնում գտնվող Սաիտամա քաղաքի կենդանաբանական այգում լույս աշխարհ են եկել չորս սպիտակ վագրի ձագ: Սպիտակ վագրերը հազվադեպ են հանդիպում բնության մեջ. 10000 սովորական գույներով վագրի մեջ 1-ն է լինում սպիտակ: Բացի այդ, վագրերը, առհասարակ, հաճախ չեն ծնվում անազատության մեջ: Կենդանաբանները ստիպված են լինում ստեղծել բնականին մոտ պայմաններ. միայն այդ դեպքում կարելի է սպասել վագրերի վերարտադրման:
Ճապոնական կենդանաբանական այգու մասնագետներին դա հաջողվել է: Արդյունքում հինգ տարեկան արու Ռոքին և յոթ տարեկան էգ Կառան մարտի 16-ին ունեցան չորս ձագուկներ: Նրանցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 1 կգ. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գիտնականները պնդում են, որ սպիտակ վագրը բենգալյան վագրն է՝ ի ծնե մուտացիաներով:
Այդ պատճառով վագրի գույնը դառնում է սպիտակ-մոխրագույն գծավոր, իսկ աչքերը՝ երկնագույն: Մուտացիայի պատճառը, այսպես կոչված, հետադարձ գենն է, որը թեև առկա է վագրի ԴՆԹ-ում, բայց արտաքինում չի արտացոլվում: Այժմ անազատության մեջ ամբողջ աշխարհում պահվում են շուրջ 130 սպիտակ վագր, որոնցից 100-ը՝ Հնդկաստանում: Եթե նորածին վագրերի մոտ ամեն ինչ նորմալ լինի, ապա նրանց կներկայացնեն այցելուներին արդեն ապրիլի վերջին: