Պեկինի մետրոյի ղեկավարությունը ուղևորներին առաջարկում է մետրոյով ուղևորության համար վճարել դատարկ պլաստիկ շշերով: Այդ կերպ նրանք կարող են նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և խնայել ուղևորության գումարը: Պլաստիկ տարաների համար նախատեսված չորս ավտոմատ սարքերը տեղադրված են Պեկինի մետրոյի երկու կայարաններում՝ Jinsong-ում և Shaoyaoju-ում (գիծ 10). հայտնում է China.org.cn-ն: Հանձնած յուրաքանչյուր շշի դիմաց ուղևորը ստանում է 0.1 յուան (1.6 ԱՄՆ ցենտ). այդպիսով 20 շիշը բավական է մետրոյով մեկ ուղևորությունը վճարելու համար: Հավաքված շշերը ավտոմատ սարքի միջոցով կսեղմվեն և կդառնան իրենց նախնական չափի 1/3-ի չափ, այնուհետև կտեղափոխվեն վերամշակման գործարաններից մեկը: Ներկայումս փոխադրամիջոցի «էկոլոգիական» վճարման համակարգը փորձարկվում է: Իսկ հետագայում այն կգործի ամբողջ մետրոյում: Նման ավտոմատ սարքեր շուտով կհայտնվեն նաև Չինաստանի մայրաքաղաքի ավտոբուսների կայարաններում: