Ֆիննական Finnair ավիաընկերությունը ներկայացնում է նոր ծառայություն, որը թույլ է տալիս իրենց ուղևորներին Facebook սոցիալական ցանցի իրենց պրոֆայլը կապել ինքնաթիռի սրահի նստատեղերի քարտեզի հետ և պարզել, թե ուրիշ ով է գրանցվել այդ թռիչքի համար և իմանալ նրա տեղը: Նոր ծառայության օգնությամբ օգտատերերը կարող են սոցիալական ցանցի իրենց ընկերներին հայտնել, թե որտեղ են ուղևորվում, որ ժամին է թռիչքը և վայրէջքը, և այլ տեղեկություններ:
Օգտատերերը կարող են տեսնել իրենց չվերթի այլ ուղևորների Facebook սոցիալական ցանցում արված միայն հանրային գրառումները: Facebook-ի օգնությամբ գրանցման ծառայությունը կամավոր է. ուղևորները կարող են ճանապարհորդել «գաղտնի»՝ ինչպես նախկինում: Բացի այդ, գրանցման ծառայությունը կարելի է անջատել ցանկացած պահի, որպեսզի մյուս ուղևորները չկարողանան տեսնել օգտատերի պրոֆայլը և նրա տեղը ինքնաթիռի սրահում:
Այս պահի դրությամբ ուղևորները կարող են օգտվել միայն Facebook-ից, բայց մյուս սոցիալական ցանցերը նույնպես կավելացվեն առաջիկայում: Ծառայությունը մշակվել է Amadeus IT Group ընկերության հետ համատեղ. հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը: