Վենեսուելայում մարտի 5-ին մահացավ երկրի նախագահ Ուգո Չավեսը: Երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ նրա մարմինը կզմռսվի և կտեղադրվի Հեղափոխության թանգարանում՝ ապակե դագաղի մեջ, որպեսզի նրան կորողանան տեսնել բոլոր ցանկացողները: Չավեսի մարմնի զմռսմանը կարող են օգնել ռուս մասնագետները, ովքեր մեծ փորձ ունեն այդ ոլորտում: Մասնավորապես, պրոլետարիատ առաջնորդ Վլադիմիր Լենինի մարմնի պահպանման համար սովետական գիտնականները 1924 թվականին կիրառել են զմռսման հատուկ եղանակ: Այդ ժամանակ առաջին անգամ կիրառվել է եռատարր բաղադրություն՝ ֆորմալին, գլիցերին և կալիումի ացետատ:
Նախկինում այս նյութերը զմռսման նպատակով համատեղ չեն կիրառվել: Այս տեխնոլոգիան ճանաչվել է ամենաառաջադեմը աշխարհում: Մասնագետների կարծիքով, Լենինի մարմինը, որը ցանկացողները կարող են տեսնել դամբարանում, գտնվում է գերազանց վիճակում և կմնա դեռ տասնյակ տարիներ: Ինչպես նշում է НТВ-ն՝ Չավեսի մարմինը թանգարանում պահելու որոշումը զարմանալի չէ: Միլիոնավոր մարդիկ առաջնորդի մահվան լուրը լսելուց հետո գալիս են Կարակաս, որպեսզի հրաժեշտ տան նրան: Սակայն Չավեսի մարմինը թանգարանում պահելու վերջնական որոշում դեռ կայացված չէ. որոշ մասնագետներ ասում են, որ զմռսման համար անհրաժեշտ ժամանակը արդեն բաց է թողնվել: