Պետրա ` Նաբաթական թագավորության մայրաքաղաք, Իսավի որդիների գլխավոր բնակավայր: Քաղաքը գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում, ծովի մակարդակից 900մ բարձրության վրա և 660մ` շրջակա միջավայրի` Արաբական դաշտավայրի համեմատ, Սիկ կիրճի մոտ: Մուտքը դեպի ձոր իրականանում է կիրճի միջոցով` տեղակայված հարավում և հյուսիսում, իսկ արևմուտքում և արևելքում ժայռը կտրուկ կոտրված է` ստեղծելով 60 մետր բարձրությամբ պատ: Պետրան տեղակայված է եղել երկու կարևորագույն հնագույն առևտրական ուղիների խաչմերուկում. մեկը կապել է Կարմիր ծովը Դամասկոսին, մյուսը Պարսից ծոցը Գազային` Միջերկրական ծովի ափին: Շաբաթներ տևած քարավաններով ուղևորությունը Պարսից ծոցից ստիպում էր մարդկանց քաջաբար տանել Արաբական անապատւմ հանդիպած դժվարությունները մինչև չէին հասնում բաղձալի Պետրա տանող Սիկ կիրճի զովությանը: Այնտեղ ճանապարհորդները գտնում էին սնունդ, կացարան և սառը ,կենարար ջուր:
Պետրայում անձրևի տեղումները տարեկան կազմում էր ընդամենը 15սմ: Որպեսզի ջուր ստանան, տեղաբնակները փորում էին ջրանցքներ և ջրամբարներ հենց ժայռերում: Ժամանակի ընթացքում անձրևի գրեթե յուրաքանչյուր կաթիլ Պետրայում և նրա շրջակայքում հավաքվեց և պահպանվեց: Շնորհիվ ջրի, որը Պետրայի բնակիչները վարպետորեն պահպանեցին, նրանք կարողացան աճեցնել բանջարեղեն և բազմացնել ուղտեր: Բացի այդ նրանք կարողացան կառուցել քաղաք` առևտրի կենտրոն: Մինչ այսօր Սիկ կիրճի երկարությամբ ձգվող քարե ջրամբարով հոսում է ջուրը:
Հարյուրավոր տարիներ առևտուրը Պետրային բերել է մեծ հարստություն: Բայց երբ հռոմեացիները բացեցին ծովային ուղիները Արևելքում, ցամաքային առևտուրը գրեթե դադարեց, և Պետրան աստիճանաբար դատարկվեց` կորչելով ավազների մեջ: Պետրայի շատ կառույցներ շարունակում էին կանգուն մնալ տարբեր ժամանակներում և տարբեր տերերի օրոք, որոնց թվում էին նաբաթեացիները (մ.թ.ա. 106-2թթ. ), հռոմեացիները (մ.թ.ա. 395 -106 թթ.), բյուզանդացիները և արաբները: Մ. թ. XII դարում դրանք պատկանել են խաչակիրներին: Նոր ժամանակներում եվրոպացիներից առաջինը, ով տեսել և նկարագրել է Պետրան, շվեյցարիացի Յոհան Լյուդվիգ Բուրկհարդն է:
Պետրա անունը թարգմանաբար նշանակում է ժայռ, կապված քարե շինությունների հետ: Պետրայի տարածքը զբաղեցնում է ահռելի հրապարակ, որի կենտրոնում լավ պահպանվել են բազում շինությունների ավերակները:
Մեր օրերում տարեկան ավելի քան կես միլիոն զբոսաշրջիկներ այցելում են Հորդանան, որպեսզի տեսնեն Պետրան, որի կառուցվածքն արդեն իսկ վկայում է նրա փառավոր անցյալի մասին: Երբ զբոսաշրջիկները անցնում են Սիկ կիրճի երկայնքով, թեքվելով հակառակ ուղղությամբ, նրանց առջև բացվում է Գանձարանը իր վեհաշուք ճակատով: Դա առաջին դարի համեմատաբար լավ պահպանված կառույցներից մեկն է: Կառույցը պսակված է հսկա քարե սափորով, որում, ենթադրաբար, պահվել է ոսկի և թանկարժեք քարեր: Կիրճը աստիճանաբար ընդարձակվում է և զբոսաշրջիկները հայտնվում են իրական ամֆիթատրոնում, որի ավազե պատերի մեջ կան բազում քարանձավներ: Բայց գլխավորը, որ աչքի է զարնում, ժայռերի մեջ փորված գերեզմաններն են: Սյուները և ամֆիթատրոնը վկայում են առաջին և երկրորդ դարերում հռոմեացիների ներկայությունը այնտեղ: