Օրերս Wikimedia Foundation-ը պաշտոնապես թողարկեց Wikivoyage.org կայքը, որն ունի ճանապարհորդական բովանդակություն: Վիկիմեդիա Ֆոնդի գործադիր տնօրեն Սյու Գարդները իր հայտարարությունում նշել է, որ ճանապարհորդական տեղեկատվության մեծ պահանջարկ կա և հենց դրա համար էլ թողարկվել է նոր նախագիծը, որը կփորձի լինել ընդգրկուն և շահույթ չհետապնդող:
Կայքը, որը Wikitravel նախնական անվանումով թողարկվել է Գերմանիայում 2006 թվականին, միացել է Վիկիմեդիայի ընտանիքին 2012 թվականի հոկտեմբերին և նոյեմբերից աշխատել բետա-տարբերակով: Wikipedia-ի դեբյուտի 12-ամյակին թողարկված կայքը ներկայումս ունի 50000 հոդված ուղղությունների, երթուղիների և ճանապարհորդական այլ թեմաների շուրջ: Այս համադրությունը ժամանակի ընթացքում կարող է հզոր գործիք դառնալ ճանապարհորդողների և լուրջ սպառնալիք` ավանդական ուղեցույցներ պատրաստողների համար:
«Նոր ռեսուրսը այդքան էլ անհրաժեշտ չէ»,-կարծում է Lonely Planet-ի փոխտնօրեն Բրայս Գոսնելը: NBC News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ 10-12 տարիների ընթացքում հայտնվել են նման շատ մրցակիցներ, բայց մարդիկ, միևնույն է, ցանկանում են գտնել հավաստի և ճշտված տեղեկատվություն: «Վիքիպեդիայում ինֆորմացիա տեղադրողները սովորական մարդիկ են, և Դուք չգիտեք, թե նրանք ճանապարհորդական ինչ գիտելիքներ և փորձ ունեն»: