Արդեն չորրորդ անգամ Չեխիայի Հանրապետությունում կանցկացվի խոհարարական փառատոն: Grand restaurant անունը կրող միջոցառմանը մասնակցում են ավելի քան 100 հաստատություն՝ ամբողջ երկրից: Սննդի փառատոնի կարգախոս կդառնա շատ տարօրինակ մի արտահայտություն. «Մի′ կերեք հիմարի նման»: Այն ամբողջովին արտացոլում է փառատոնի թեման՝ մարդկանց մտածված մոտեցումը սնվելուն:
Չեխական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս միջոցառման շրջանակներում կառաջարկվի իջեցրած գներով ճաշացանկ, նույնիսկ՝ Չեխիայի ամենաշքեղ ու թանկ ռեստորաններում: Փառատոնի օրերին այստեղ կարելի է ճաշել ընդամենը 200-600 կրոնով: Ընդ որում՝ ուտեստների պատրաստման համար կօգտագործվի չեխական արտադրության բիոմթերք, որոնք ռեստորանների խոհանոց են գալիս էկոլոգիական տնտեսություններից:
Փառատոնի մասնակից ռեստորաններում նաև կհայտնվի ուտեստ՝ այլ ժողովուրդների խոհանոցից՝ ավանդական ֆրանսիական, հնդկական, մեքսիկական, հունական, իտալական և ասիական: Խոհարարական փառատոնը կանցկացվի 2013 թվականի հունվարի 15-ից փետրվարի 28-ը: