Ավստրալիայում զբոսաշրջուհիներին փորձել են ծեծել ֆրանսերենի համար (Վիդեո)

Ավստրալիայում զբոսաշրջուհիներին փորձել են ծեծել այն պատճառով, որ նրանք ֆրանսերեն երգ են երգել: Չորս ֆրանսուհիներ ավտոբուսով շրջել են Մելբուռնում և սկսել են երգել, ինչը զայրացրել է մյուս ուղևորներին, ովքեր նրանցից պահանջել են «խոսել անգլերեն»: Զբոսաշրջիկների վրա բարկացել են և ռասիստական վիրավորանքներ հասցրել, բանն հասել է նույնիսկ մահվան  սպառնալիքի. հայտնում է Aol.co.uk պորտալը: Վախեցած կանայք խնդրել են վարորդին կանգնեցնել ավտոբուսը, բայց նրանց խնդրանքը կատարվել է միայն այն ժամանակ, երբ մեկը կոտրել է ապակիներից մեկը:

Միջադեպի ականատեսներից մեկը տեսագրել է տեղի ունեցածը բջջային հեռախոսի տեսախցիկով և տեղադրել համացանցում: Նա իր արարքը բացատրել է նրանով, թե ցանկանում է ցույց տալ ռասիզմի խնդիրը Ավստրալիայում: «Սա ամբոխի մտածելակերպ է, – ասել է ականատեսը, -Շատ ցավալի է տեսնել, որ մարդիկ աննշան պատճառ են ման գալիս իրենց զայրույթը արտահայտելու համար»: Ավստրալական լրատվամիջոցները դեպքը անվանել են «ցնցող», իսկ ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: Մելբուռնը մեծությամբ երկրորդ քաղաքն է Ավստրալիայում, որտեղ տարեկան գալիս են հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ:

You might also like