Սկանդալային աստղ Փերիս Հիլթոնը ծրագրել էր լայնամասշտաբ երեկույթով Ամանորը դիմավորել Պղուկետ կղզում: Սակայն այդ միտքը դուր չի եկել տեղական տուրիստական բիզնեսի ներկայացուցիչներին: Հյուրանոցների սեփականատերերը առաջիկա իրադարձության ամսաթիվն ու վայրը փոխելու խնդրանքով դիմել են Թայլանդի իշխանություններին:
Երեկույթը պետք է տեղի ունենար Սուրին լողափում 2012 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը: Դրան պետք է մասնակցեին 50 հազար մարդ: Սակայն, քանի որ Նոր Տարին տուրիստական պիկ սեզոն է, հյուրանոցատերերը վախենում են, որ աղմկոտ և անկաշկանդ հյուրերը կվախեցնեն նրանց, ովքեր գալիս են այստեղ պարզապես հանգստանալու: Բացի այդ, հյուրանոցները արդեն իսկ այս շրջանում աշխատում են շատ խիտ գրաֆիկով և հավելյալ տասնյակ հազարավոր հյուրերը կարող են տեղ չթողնել մյուս հանգստացողների համար:
Եվ, վերջապես, զբոսաշրջային արդյունաբերությունը լրջորեն մտահոգված է, որ տեխնո-փարթին, որտեղ երաժշտությունից բացի առանցքային դեր ունեն նաև ալկոհոլային խմիչքները և թմրանյութերը, բացասական ազդեցություն կունենա առողջարանի վարկանիշի վրա. հայտնում է Phuket News-ը: Նրանց խոսքերով՝ այն բանից հետո ինչ Փերիսը հայտարարել է խնջույքի մասին, հյուրանոցներում սկսել են չեղյալ համարել գրանցումները: Ընդհանուր վնասը հասել է 8 միլիոն թայլանդական բաթի ($260 հազար դոլար): Հետաքրքիրն այն է, որ Փերիս Հիլթոնի խնջույքի դեմ բողոքող հյուրանոցների սեփականատերերի թվում է նաև Hilton հյուրանոցային ցանցի Պղուկետի հյուրանոցի տնօրեն Սայմոն ՄաքԳրաֆը: