Ամստերդամում չի արգելվի ծխել մարիխուանա

Նիդերլանդները գրեթե ամբողջովին վերադարձրել է օտարերկրացի զբոսաշրջիկներին թեթև թմրանյութեր վաճառելու իրավունքը: Ավելի վաղ արգելքը քննադատող ելույթներով հանդես եկավ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Ռոտերդամի քաղաքապետը: Իսկ նոյեմբերի մեկին մայրաքաղաքի քաղաքագլուխ Էբերհարդ վան դեր Լան, հայտարարեց, որ չի արգելի օտարերկրյա հյուրերին գնել և ծխել մարիխուանա կաֆե-շոփերում: Նրա խոսքերով՝ ղեկավարության արգելք մտցնելու ցանկությունը կարող է մեծ վնաս հասցնել քաղաքին, որը համարվում  է Եվրոպայի գլխավոր տուրիստական կենտրոններից մեկը. գրում է Lenta.ru-ն:

Ամստերդամի քաղաքապետը բացատրում է. «Տարեկան 4.5 միլիոն զբոսաշրջիկների մեկ-երրորդը առաջին հերթին այստեղ օգտվում են ազատ մարիխուանա ծխելու հնարավորությունից»: Այդ պատճառով ազատ օգտագործման արգելքը կիրառելու դեպքում մարդիկ կսկսեն փնտրել մարիխուանա սև շուկայում: Իսկ դա կհանգեցնի որակի վերահսկման վերացմանը, հետևաբար, վտանգավոր փոխարինողներից թունավորումներին, ինչպես նաև՝ կնպաստի հանցագործության աճին: Քաղաքապետին կողմ են Ամստերդամի հարյուրավոր կաֆե-շոփերի սեփականատերերը, ովքեր հայտարարել են, որ իրենց հաճախորդների 90%-ը օտարերկրացի են:

Հիշեցնենք, որ օտարերկրացի զբոսաշրջիկներին մարիխուանա վաճառելու արգելքը Նիդերլանդների հարավային նահանգներում՝ Լիմբուրգում, Հյուսիսային Բրաբանտում և Զելանդիանում, ուժի մեջ է մտել 2012  թվականի մայիսի 1-ից: Երկրի մյուս շրջաններում, այդ թվում՝  Ամստերդամում և Ռոտերդամում , օրենքը ուժի մեջ պետք է մտներ  2013 թվականի հունվարից: Բողոքի ալիքից հետո իշխանությունները հայտարարեցին, որ հոլանդական քաղաքները իրենք պետք է որոշեն վաճառել թմրանյութը օտարերկրացիներին, թե՝ ոչ:

You might also like