Հոլանդիայում հաջորդ տարի կբացվի ճանապարհ, որը 0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կլուսավորվի մթության մեջ:
Առայժմ խոսքը գնում է փորձնական մի քանի հարյուր մետր երկարությամբ ճանապարհահատվածի մասին, սակայն եթե դիզայներ Դաան Ռոոզեգարդեի մտահաղացումը օգտակարության տեսանկյունից իրեն արդարացնի, ապա այն կարող է մասսայական կիրառություն գտնել:
Նոր ճանապարհը կունենա երկու յուրահատկություն. նրա մակերեսը մթության մեջ ֆոսֆորացվում է, իսկ ասֆալտի պատկերը փոխվում է՝ ջերմաստիճանի նվազման դեպքում՝ զգուշացնելով վարորդներին հնարավոր մերկասառույցի մասին: Իհարկե ձյան կամ ցեխի շերտի տակ այս նորամուծության օգտակարությունը նվազ կլինի, սակայն հաշվի պետք է առնել, որ Հոլանդիայում ճանապարհները մաքրվում են պարբերաբար:
Ռոոզեգարդեի խոսքերով՝ գաղափարի արժանիքներից այն է, որ այն չի պահանջում ինչ-որ ֆունդամենտալ տեխնոլոգիական լուծումներ: Ֆոսֆորացվող ներկը առօրյայում բազմաթիվ տեղերում կիրառության մեջ է, որտեղ պահանջվում է մթության մեջ լուսավորություն առանց ռադիոակտիվ կամ ուլտրամանուշակագույն ճառագայթման: Իսկ ջերմաստիճանային պայմաններից փոփոխվող պիգմենտներ կարելի է տեսնել գարեջրի բաժակների, սառցարանների և տաք զանգվածների համար նախատեսված տարաների վրա: