Եթե Դուք հյուրանոց եք փնտրում Եվրոպայում և ուսումնասիրում եք հյուրանոցների մի շարք կայքեր՝ փորձելով գտնել Ձեզ հարմար տարբերակը, կամ արդեն ցանկանում եք ամրագրել որևէ համար, քանի որ շատ երկրների մուտքի վիզա ստանալու համար հյուրանոցում ամրագրված համար ունենալը անհրաժեշտ պայմաններից մեկն է, ապա այս նյութը հենց Ձեզ համար է: Ամեն դեպքում Դուք կարիք ունեք ընտրել հյուրանոցային համարի տեսակ: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ է իմանալ, թե ինչ տեսակների են բաժանվում հյուրանոցային համարները և ինչպես են դրանք անվանվում անգլերենով, որպեսզի զուր ժամանակ չվատնեք՝ փորձելով հյուրանոցի ադմինիստարցիային բացատրել հյուրանոցային համարի Ձեր նախընտրած ձևը:
Single room (սինգլ ռում)՝ մեկտեղանոց սենյակ՝ մեկ մահճակալով: Նման համարը նախատեսված է մեկ հոգու համար և սենյակում երկրորդ մահճակալ (extra bed) ավելացնելու հնարավորություն, որպես կանոն, չկա:
Twin room (թվին ռում)՝ երկտեղանոց սենյակ՝ երկու մահճակալներով: Ձեր խնդրանքով հյուրանոցի սեփականատերերը կարող են սենյակում ավելացնել երրորդ մահճակալը՝ երրորդ անձի համար: Ընդ որում՝ դրանից համարի արժեքը չի փոխվի կամ աննշան կբարձրանա:
Double room (դաբլ ռում)՝ երկտեղանոց սենյակ՝ մեկ երկտեղանոց մահճակալով: Ինչպես թվին ռումի դեպքում, այս դեպքում ևս Ձեր խնդրանքով հնարավոր է ավելացնել երրորդ մահճակալը:
Double for Single Use (դաբլ ռում ֆոր սինգլ յուզ)՝ սենյակում կա մեկ մեծ երկտեղանոց անկողին, բայց այստեղ կարող է բնակվել միայն մեկ անձ:
Family room (ֆեմիլի ռում)՝ ընտանեկան համար՝ կամ չորս մեկտեղանոց մահճակալներով, կամ մեկ երկտեղանոց և երկու մեկտեղանոց մահճակալներով: Որպես կանոն, լրացուցիչ մահճակալներ համարում ավելացնել չի թույլատրվում:
Dormitory room (դորմիթորի ռում)՝ հանրակացարանային տիպի սենյակ, որտեղ կարող է տեղավորվել 3-ից 20 մահճակալ: Նման սենյակներ հանդիպում են միայն հոսթելներում: Ի տարբերություն հյուրանոցային համարի՝ Դուք ամրագրում եք ոչ թե ամբողջական սենյակը, այլ միայն սենյակում Ձեր տեղը: Եթե Դուք ճանապարհորդում եք խմբով, ապա սա հիանալի տարբերակ է ամրագրելու 3 կամ 4-տեղանոց սենյակ: