Ավստրալիացի գործարարը դիահերձարանը դարձրել է օրիգինալ հյուրանոց: Թասմանիայում գտնվող Willow Court-ը 1830 թվականին հիվանդանոց էր, 1950 թվականին այն վերածվել է դիահերձարանի, իսկ այսօր արդեն գործարար Հեդին Փիրսը (Hadyn Pearce) որոշել է այն վերածել հյուրանոցի. գրում է The Telegraph-ը: Դիակների համար նախատեսված սեղաններով, սառնարանային սենյակներով և հատուկ լոգարաններով հաստատությունը աստիճանաբար փոխակերպվում է հյուրանոցի: Զբոսաշրջիկներին հանգստացնելու համար հարկ է նշել, որ արդեն 12 տարի դիահերձարանը չի գործում, թեև, այնուամենայնիվ, այս վայրը հարուստ երևակայությամբ մարդկանց համար չէ:
Հյուրանոցի սեփականատերը դեռևս իրականացնում է շինարարական աշխատանքներ, բայց արդեն հրավիրում է հյուրերի՝ հուսալով, որ «անսովոր վայրը» կգրավի զբոսաշրջիկներին: Հյուրանոցի գլխավոր «համարը» Փիրսն անվանել է դիահերձարանի սեղան: Հյուրերին կտեղավորեն «սառնարանում», «վառարանում» և այսպես կհամարակալվեն հաստատության բոլոր սենյակները: Հյուրանոցի սեփականատերը հուսով է, որ կգտնվեն այնպիսի համարձակ այցելուներ, ովքեր կցանկանան գիշերել նման հարմարավետ հյուրանոցում: Յուրահատուկ հյուրանոցի բացումը նախատեսված է 2013 թվականի սկզբին: