Ճանապարհորդությունը հարմարավետ լինել պարտադիր չէ, իսկ արկածային՝ անհրաժեշտ: Հենց այդպիսի նախապատվություններով զբոսաշրջիկների են սպասում մեքսիկական հյուրանոցում, որն իրականում կազմված է նախկինում օգտագործված և վերանորոգված խողովակներից: Տեպոզլտան (Tepozltan) գյուղում 2010 թվականին բացված TuboHotel հյուրանոցը, որը Մեխիկոյից ավտոմեքենայով մեկ ժամվա հեռավորության վրա է գտնվում, առաջարկում է քինգ-սայզ մահճակալներով սենյակներ, որոնց ապակե դռներից տեսարան է բացվում դեպի լեռներ. հայտնում է DailyMail -ը:
Հյուրանոցի սեփականատեր Ռոբ Անդերսոնը ասել է, որ հյուրանոցը բացելու գաղափարը իր մոտ առաջացել է այն ժամանակ, երբ «նա նկատել էր, որ խողովակները ոչ ոքի պետք չեն»: Հյուրանոցի ստեղծումը տևել է ընդամենը երեք ամիս: Անդերսոնի խոսքերով՝ այս հյուրանոցը շքեղության սիրահարների համար չէ, այլ նրանց համար, ովքեր սիրում են անսովոր հանգիստը: Աշխատանքային օրերին հյուրանոցի մեկ գիշերվա վճարը £20 ֆունտ է, իսկ հանգստյան օրերին՝ £35 ֆունտ:
Յուրաքանչյուր խողովակ-սենյակում կա մահճակալ, գիշերային լապտեր, դարակներ, զուգարանակոնք և ցնցուղ՝ առանձին «խողովակում»: Իսկ հյուրանոցի խոհանոցում ղեկավարում է հարգված խոհարարը, ուստի ճաշացանկն այստեղ համապատասխանում է հեղինակավոր հյուրանոցների ճաշացանկերին: