Urban Tails Dubai-ը, որն արդեն հասցրել են անվանակոչել «Вurj Al Arab կատուների ու շների համար», բացվել է այս տարվա ամռանը, բայց, ինչպես հավատացնում են սեփականատերերը, արդեն ձեռք է բերել մեծ հաջողություն ընտանի կենդանիների և նրանց տերերի շրջանում: Հյուրանոցը նախատեսված է 70 շների և 40 կատուների համար, որոնց այստեղ խնամում են արքայաբար: կենդանիներին հանում են զբոսանքի, կերակրում են նրբահամ խորտիկներով և, անհրաժեշտության դեպքում, տրամադրում են բժշկական օգնություն: Բոլոր խաղահրապարակները և զբոսանքի բակերը պատրաստված են այնպես, որ կենդանիները չճնշվեն և զգան իրենց առավելագույնս հարմարավետ:
Կենդանիներին կառաջարկվեն համարներ պլազմային հեռուստացույցով, օդորակիչով, կահույքով և անձնական սիզամարգի մուտքով: Ինչպես նաև կենդանիները կունենան անձնական սպասարկու, լիմուզին, սպորտային ակումբ, լողավազան, դասական երաժշտություն և այլն: Գրեթե բոլոր համարներում կլինեն վեբ-տեսախցիկներ, որի շնորհիվ տերը միշտ կարող է իմանալ, թե ինչ է անում իր սիրելի կենդանին: Բացի այդ, ամենաթանկ համարների մշտական բնակիչները կստանան լուսանկարչական ալբոմ, որտեղ կարտացոլվի կենդանու անցկացրած հանգսի պատմությունը:
Չորքոտանի VIP-հյուրերին կկերակրեն ինչպես հայտնի ապրանքանիշային սննդով, այնպես էլ հյուրանոցի խոհարարների պատրաստած հատուկ ուտեստներով, օրինակ` բրնձով շոգեխաշած ճուտ: Ճարպակալմամբ տառապող կենդանիներին կառաջարկվի հատուկ դիետա և վարժությունների ցանկ: Տերերը կարող են չանհանգստանալ իրենց կենդանիների խնամքի համար. ամեն կենդանուն հասնում է 8 անդամից կազմված սպասարկող անձնակազմ: Յուրաքանչյուր կենդանուն, ըստ անհատական գրաֆիկի, կկերակրեն, կխնամեն, կհանեն զբոսանքի, նույնիսկ` կգուրգուրեն և կշոյեն, որպեսզի կենդանին իրեն զգա ինչպես տանը:
«Մենք գիտենք, որ երբեք չենք կարող փոխարինել կենդանիների տերերին: Սակայն բնակեցման եւ հարմարավետ միջավայրի առումով մենք կարող ենք վստահեցնել, որ մեր հյուրերը կստանան այն ամեն, ինչ կարելի է միայն երազել», – ասում է հյուրանոցի սեփականատեր Այդեն Օմերան: