Երևանում բացվել է առաջին հեծանվուղին: Այն անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող պուրակը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է «Կանաչաստան» ՀԿ նախագահ Տիգրան Ճորոխյանը, արդեն մեկ տարի է, ինչ «Կանաչաստանը» և Երևանի քաղաքապետարանը սերտ համագործակցում են հեծանվային տրանսպորտի զարգացման նպատակով: «Այս ընթացքում Կանաչաստան ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտության հիման վրա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների միասնական ջանքերի շնորհիվ նախագծվել է Երևանում առաջին հեծանվուղին: Քաղաքապետարանի ու «Կանաչաստանի» միջոցներով արդեն իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես` նշանների տեղադրման, գծանշման, ինչպես նաև հեծանվային կայանատեղերի տեղադրման աշխատանքները: Սրանով սկիզբ է դրվում Երևանում տրանսպորտային նոր ենթակառուցվածքի ներդրմանն ու զարգացմանը, որը, հուսով ենք, շուտով կընդգրկի Երևանի ողջ տարածքը»,- նշել է նա` հավելելով, որ հեծանվուղին փորձնական է, ուստի կարող են որոշակի թերություններ լինել, որոնք հետագայում անպայման կշտկվեն:
View Yerevan Bike Rout in a larger map
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն իր հերթին նշեց, որ հեծանվուղու բացումը քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության նոր ճյուղն է: «Ամբողջ աշխարհն է այսօր միջոցներ ձեռնարկում քաղաքի էկոլոգիական պայմաններն ապահովելու համար և հեծանվուղիների բացումը դրան ուղղված կարևոր միջոցառումներից մեկն է: Հույս ունենք, որ Երևանում հեծանիվը` որպես տրանսպորտային միջոց, գնալով ավելի մեծ տեղ կգրավի` նպաստելով մայրաքաղաքի էկոլոգիական պայմանների բարելավմանը»,- նշեց նա` ընդգծելով, որ մոտ 2,5 կմ երկարությամբ հեծանվուղին հետիոտնի ճանապարհի մի մասն է զբաղեցրել, քանի որ Երևանի ծանրաբեռնված երթևեկությունը դեռևս չի կարող թույլ տալ ուղիներ առանձնացնել երթևեկության ճանապարհներից: | Աղբյուրը՝ PanArmenian.net | Լուսանկարները՝ EcoNews.am և EMedia.am