Երևանում նոր 3D գրաֆիտի է հայտնվել: Կարապի լճի հարևանությամբ անցորդների վրա հարձակում է փորձում գործել կատաղած դինոզավրը: Գրաֆիտիի հեղինակները Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Համակարգչային դիզայնի Համակարգչային նախագծման ֆակուլտետի 4-րդ կուրսի չորս ուսանողներ են` Լաուրա Նազինյանը, Տարոն Բադալյանը, Մերի Թոքմաջյանը և Անի Սարգսյանը: Աշխատանքները ղեկավարել է ուսանողների դասախոսներից մեկը` Դավիթ Փարվանյանը:
Մասնակիցներից մեկը` Լաուրան, PanArmenian.Net ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ գրաֆիտին պատվիրել է Երևանի քաղաքապետարանը: «Քաղաքապետարանը հավանել էր մեր համալսարանի բակում մեր կողմից նկարված մատիտներով 3D գրաֆիտին և գտել էր մեզ: Հանդիպեցինք քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի հետ, ներկայացրեցինք մի քանի էսքիզ: Նա ընտրեց էսքիզներից մեկը և մեզ հնարավորություն ընձեռեց այն իրականացրելու համար ընտրել Երևանի ցանկացած վայր: Մենք էլ ընտրեցինք Կարապի լճին հարող տարածքը»,- պատմեց նա` հավելելով, որ հնարավոր է` հետագայում, երբ գրաֆիտին ջնջվի, այն թարմացնելու տարբերակ լինի: / Աղբյուրը՝ PanArmenian.net