2012թ. հոկտեմբերի 6-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղը կհյուրընկալի ավանդական գինու փառատոնը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ, Արենի համայնքի, «Հայաստանի համայնքների միության» և այլ գործընկերների հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 6-ին կազմակերպվում է ավանդական դարձած Արենի գինու փառատոնը:
Գինին կհամտեսվի հատուկ բաժակներով, որոնք կարժենան 700 դրամ և վերջում ի հիշատակ ժողովուրդը իր հետ կտանի բաժակները: Բաժակները տեղի բնակիչների ձեռքի աշխատանքներն են, դրանք կավից են, Արենին անգամ նման կերպ փորձում է աշխատատեղեր ստեղծել:
Փառատոնի կազմակերպման նպատակն է՝ խթանել գյուղական տուրիզմի զարգացմումը, ներկայացնել երկրի հարուստ պատմությունը, մշակույթը, ազգային առանձնահատկությունները, նպաստել Արենի համայնքում և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնը նաև միտված է ներկայացնելու Հայաստանը միջազգային և ներքին զբոսաշրջության շուկայում՝ որպես գրավիչ զբոսավայր, ինչպես նաև միջազգային գինեգործության շուկայում՝ որպես գինեգործության օրրան և գինեգործության մշակույթի կարևորագույն վայր:
Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009 թ.-ին: Անցած 3 տարիների ընթացքում այն ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում՝ Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում:
2011թ.-ին Գինու փառատոնի մասնակիցների թիվը կազմել է շուրջ 6000 հոգի: