Իսպանիայի Բունոլ քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել Լա Տոմատինա փառատոնին մասնակցությունը դարձնել վճարովի: Բունոլ քաղաքի քաղաքային խորհուրդը, որտեղ ամեն տարի օգոստոսի վերջին անցկացվում է լոլիկների ճակատամարտ, խոստովանել է, որ հաջորդ տարի Լա Տոմատինա փառատոնի անցկացումը կասկածի տակ է, եթե այն չդարձնեն վճարովի և սահմանափակեն մասնակիցների քանակը: Բունոլի փոխքաղաքապետ Ռաֆայել Պերեսի խոսքերով՝ Լա Տոմատինա փառատոնը այս տարի քաղաքին մեծ «տնտեսական վնաս» է բերել, քանի որ դրա կազմակերպման համար ծախսվել է 150.000 եվրո:
Բացի այդ, փառատոնի անցկացման ընթացքում լուրջ վնասվածք է ստացել մեկ մարդ, որը ամբոխի ճնշման տակ ընկել էր գետը: «Մենք ցանկանում ենք փոփոխություններ մտցնել, քանի որ այս տարի փառատոնին մասնակցել են ավելի քան 50.000 մարդ, և մենք հասկացանք, որ մարդկանց այս ահռելի քանակը դժվարացնում է անվտանգության իրականացումը»,-նշում է Պերեսը: Այդ պատճառով քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փառատոնի մասնակիցների քանակը սահմանափակել մինչև 30.000 մարդ և գանձել յուրաքանչյուրից նվազագույնը 5 եվրո գումար: