Այս տարի, համեմատած նախորդ երեք տարիների, Ախթալայի Խորովածի փառատոնի մասնակիցների և հյուրերի թիվն ավելացել է: Փառատոնի ծրագիրը մասնակիցներին թեմայի ազատություն կտա, ինչը հնարավորություն կընձեռի ուտեստը պատրաստել այնպես, ինչպես իրենք են նախընտրում: Մասնակիցներից յուրաքանչյուրին փառատոնի վերջում տրվելու են պատվոգրեր, իսկ առաջին երեք հաղթողներին` նաև գավաթներ: Խորովածի համահայկական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը, «Հայ խորհարարական ավանդույթների զարգացումը և պահպանումը» հասարակական կազմակերպությունը, «Արենի փառատոնը» և Լոռու մարզպետարանը:
Ախթալայում սեպտեմբերի 8-ին մեկնարկող աշնանամուտի և համահայկական խորովածի փառատոնը քարոզչության հրաշալի միջոց է, և անգամ, եթե դրա մասին վատ են խոսում, ուրեմն փառատոնը կայացել է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փառատոնի կազմակերպիչներից մեկի՝ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։
Վերջինս այսօր «Հայ խոհարարական ավանդությունների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի, The Beautified Project ռոք-խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանի և Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանի հետ հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց առաջիկա փառատոնի մանրամասները:
«Եվ եթե մեր հակառակորդները դրանք մեկնաբանում են վատ լույսի ներքո՝ փորձելով ապացուցել, որ դրանք իրենցն են և եթե խոսում են, անգամ՝ վատ են խոսում, ուրեմն մենք կայացել ենք»,- ասաց Նունե Մանուկյանը:
«Մենք ազգային ուտեստների լուսաբանման խնդիր ունենք, նախևառաջ, մեզ համար: Եվ սա շատ տարածված երևույթ է Եվրոպայում, որտեղ միշտ լուսաբանվում են իրենց ազգային փառատոնները: Սա, իհարկե, շատ լավ առիթ է զբոսաշրջությանը նպաստելու առումով»,- Նունե Մանուկյանին լրացրեց Հայ խոհարարական ավանդությունների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Հիշեցնենք, որ փառատոնն Ախթալայում չորս տարի առաջ մեկնարկել է կառավարության «Հյուսիսային դարպասներ» ծրագրի շրջանակներում՝ հիմնանպատակ ունենալով խթանել զբոսաշրջությունը:
Փառատոնի կազմակերպիչների ներկայացմամբ՝ խորովածի փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել զբոսաշրջիկներ Վրաստանից, Գերմանիայից և Չեխիայից :
Սեդրակ Մամուլյանի տեղեկացմամբ՝ խորովածի փառատոնին մասնակցելու են «Հայ խոհարարարական ավանդությունների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության անդամ 13 ռեստորան և տարբեր անհատներ՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Խորովածի փառատոնը ունենալու է 3 անվանակարգ` լավագույն համ ու հոտ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում։
Այս տարի փառատոնը բացառապես կոմերցիոն է լինելու, այսինքն՝ խորովածը ոչ թե հյուրասիրելու են, այլ վաճառելու, որովհետև վերլուծելով նախորդ տարիների փառատոնների փորձը, կազմակերպիչները եկել են այդ եզրակացության:
«Արենի փառատոն» հիմնադրամի նախագահի լրացմամբ՝ խորովածի վաճառքը նաև խաղարկային է լինելու, և խորոված գնող քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին սպասվում են մրցանակներ :
Նաև այս տարի փառատոնի մասնակիցները պետք է Ախթալա հասնեն սեփական միջոցներով: Հիշեցնենք, որ տոլմայի փառատոնի ժամանակ բազմաթիվ դժգոհություններ հնչեցին քաղաքացիների կողմից և այս կապակցությամբ Սեդրակ Մամուլյանն ասաց, որ 14 ավտոբուսները Երևանի համար շատ քիչ էին:
Խորովածի փառատոնն ունենալու է գեղարվեստական մաս: Նախորդ տարի նույն փառատոնի շրջանակներում մի շարք բարերարներ ցանկություն են հայտնել վերանորոգել Ախթալայի Սուրբ Աստվածանի գմբեթը, որը կարժենա մոտ 293 միլիոն դրամ, իսկ վերանորոգման աշխատանքները ավարտին կհասցվեն երկու տարում:
Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ և պատահական չէ, որ դրանում միահյուսված են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրեր:
Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են 13 –րդ դարի լավ պահպանված որմնանկարներով: / Աղբյուրներ՝ ArmenPress, ԹԵՐԹ.am