Ամենահամեղ փողոցային սնունդը պատրաստում են Բանգկոկում. այդպիսին է Virtualtourist.com-ի անցկացրած ուսումնասիրության արդյունքը: Այս պորտալի փորձագետները կազմել են ամենահամեղ փողոցային սնունդ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում են Ասիայի մեգապոլիսները:
Ազգային խոհանոցը այցեքարտ է հանդիսանում Թայլանդի և մասնավորապես` Բանգկոկի համար: Տեղական ուտեստների մեջ փորձագետները հատկապես առաձնացրել են պապայայով կանաչ աղցանը, կպչուն բրինձով և մանգոյով գնդերը, կանաչ կարրիով ճուտը, ինչպես նաև` թայլանդական ուտեստը`ավանդական բրնձե արիշտայով, թեթև տապակած ձվով, ձկան սոուսով` համեմված ընդեղենով, չիլի պղպեղով և լայմով:
Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Սինգապուրը` փողոցային ուտեստների հարուստ մշակույթ ունեցող քաղաքը: Փորձագետները բարձր են գնահատել սինգապուրյան սխտորի սոուսով «չիլի-կրաբը», բրնձով, պղպեղով և իմբիրով հավը, մարինացված մսով և գետնանուշի սոուսով խորովածը: Նրանք նաև առանձնացրել են ավանդական «լակսա» ապուրը` պատրաստված բրնձային արիշտայով, թարմ ծովախեցգետնով, ձկան մսով, չիլի սոուսով և կոկոսի կաթով:
Երրորդ տեղը զբաղեցնում է Մալայզիայի Պինանկ քաղաքը: Այստեղ կարելի է համտեսել կլոր բրնձային արիշտա, արիշտայով կծու և թթու ապուր «ասսամ լակսա», «ռոտի» բլիթներ և գետնանուշի սոուսով խորոված միս: Ցուցակի չորրորդ տեղում գտնվում է Մարաքեշը, վեցերորդում` Հոշիմին, յոթերորդում` Ստամբուլը, ութերորդում` Մեքսիկան, և ամենահամեղ փողոցային սնունդ ունեցող քաղաքների վարկանիշային աղյուսակը եզրափակում է Բելիզ քաղաքը:
Եվրոպական քաաղքներից միայն երկուսն են հայտնվել ցուցակում` Պալերմոն (5-րդ տեղում) և Բրյուսելը (9-րդ տեղ): Իտալական քաղաքում փորձագետները հավանել են «արանչինի» բրնձե գնդիկները` լցոնված մսով և պանրով, «պանելլե» բլիթները և «կրոչչե» տապակած կարտոֆիլե գնդիկները: Իսկ Բրյուսելում, ուսումնասիրության հեղինակների կարծիքով, կարելի է համտեսել հայտնի բելգիական վաֆլիները, ինչպես նաև` ձկնականջով և խխունջով ուտեստները: