Փարիզում արգելված է փողոցում աղոթել

Ֆրանսիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 16-ին գործածության մեջ մտավ օրենք, որի համաձայն  արգելվում է քաղաքի փողոցներում հրապարակայնորեն  աղոթել: Ոստիկանությանը թույլատրվում է ուժ գործադրել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կընդդիմանան նոր օրենքին:

«Փողոցում աղոթելը անհարիր է կրոնի համար և խախտում է աշխարհիկ սկզբունքները»,-կառավարության որոշումը պարզաբանել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը: Նրա խոսքերով` այս փորձը առաջիկա ամիսներին կկիրառվի Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս, որտեղ նույնպես նկատվել է այս խնդիրը, օրինակ` Մարսելը և Նիցցան:

Խնդիրն այն է, որ բնակչության մեջ իսլամ դավանող մարդկանց աճը բերել է նրան, որ մզկիթները չեն բավականացնում: Փողոցում գորգ փռող և աղոթք անող մահմեդականները արդեն ոչ ոքին չեն զարմացնում: Փարիզն առաջինը որոշեց կտրուկ լուծել  այս հարցը:

Ճիշտ է, նախարարը նրբանկատորեն նշել է, որ արգելքը վերաբերվում է բոլոր կրոնների ներկայացուցիչներին, ոչ միայն մահմեդականներին: Այնուամենայնիվ` հասարակությունը արդեն մտավախություն է հայտնել, որ Փարիզը պատրաստ չէ իրականացնել նոր օրենքի պահանջները:

Ինչպես հայտնում է  BBC News-ը` քաղաքապետարանը, մզկիթների բացակայությունը հաշվի առնելով, մահմեդականներին առաջարկում է աղոթել լքված հաստատություններում, ինչը, սակայն, դժբար թե դուր գա հավատացյալներին:

You might also like