Խուսափում ենք ուղեբեռի հետ կապված խնդիրներից միասին

Պատրաստում ենք ճամպրուկը

Առաջին հերթին հեռացրեք ճամպրուկի վրայից բոլոր պիտակները, որոնք մնացել են նախորդ ճանապարհորդություններից, որպեսզի ուղեբեռը կորցնելու կամ գողացվելու դեպքում օդանավակայանից այն չուղարկեն որևէ ուղղությամբ, որտեղ եղել եք մի քանի տարի առաջ: Ցանկալի է, որ ճամպրուկը չլինի ստանդարտ սև (մոխրագույն, մուգ կապույտ) գույնի, այլ ավելի վառ: Կամ, գոնե, կախեք դրա վրա որևէ վառ պիտակ: Այդ միջոցով, հեշտ կլինի գտնել ճամպրուկը փոխադրող գոտում, իսկ եթե այն ամեն դեպքում կորի, վառ պիտակը կօգնի հեշտ նկարագրել այն և հեշտությամբ գտնել: Եվ, վերջապես, ճամպրուկի վրա կողպեք կախելը իմաստ չունի: Գողերին դա չի խանգարի, փոխարենը կարող է խանգարել անվտանգության աշխատակիցներին բացել Ձեր ճամպրուկը, եթե դրա կարիքը զգացվի ստուգման ժամանակ:

Ինչը և ինչպես փաթեթավորել

Առաջին հերթին փորձեք շատ իրեր չվերցնել Ձեզ հետ  ճանապարհորդելիս:  Իդեալում ճամպրուկում պետք է լինեն այն իրերը, որոնք անհրաժեշտ են այդ ընթացքում, ոչ թե նրանք, որոնք «կարող են պետք գալ»:  Բացի հավելյալ քաշի համար ավիաընկերությունների սահմանափակումներին, գոյություն ունեն մի շարք այլ խնդիրներ: Տարվող իրերը կարող են ճանապարհին կոտրվել, վնասվել, ինչպես նաև` բեռնակիրները դժվարությամբ են տեղաշարժում ծանր բեռները: Բացի այդ, ծանր ճամպրուկները, սովորաբար,  տեղավորում են բեռնախցիկի ամենաներքևում:

Շամպունները, արևայրուքի յուղերը և այլ հեղուկները պարտադիր պետք է դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ: Քիչ չեն դեպքերը, երբ հեղուկները, թափվելով իրենց շշերից, լցվում են մնացած իրերի վրա: Ալկոհոլի շշերը բացի տոպրակից փաթաթեք նաև սրբիչի կամ հագուստի մեջ: Ի դեպ, ալկոհոլ տեղափոխելիս նախօրոք պարզեք, թե քանի լիտր և որ տարիքից   է թույլատրվում դա անել: Էլեկտրական սափրիչը, ատամի էլեկտրական  խոզանակը և մյուս բոլոր սարքերը, որոնք կարող են դզզալ կամ թրթռալ, աշխատեք անջատել կամ տեղադրել այնպես, որ միանալու հավանականությունը   հասնի նվազագույնի: Բացի մարտկոցների անիմաստ օգտագործումից, այդ իրերը կարող են կասկած առաջացնել անվտանգության աշխատակիցների մոտ:

Եթե ուղեբեռը կորել է… 

Ըստ SITA-ի տվյալների` 2008 թվականին` առաջին անգամ 5 տարիների ընթացքում, նվազել է կորած ուղեբեռների քանակը: Անցյալ տարվա արդյունքներով` հազար ուղևորներից միայն 14-ը չէին հասնում իրենց ուղեբեռներին: Եթե  Դուք էլ լինեք նրանց թվում, ապա կան մի քանի պարզ միջոցներ, որոնց միջոցով կարելի է հեշտացնել որոնումները: Այսպիսով.

Անպայման թողեք Ձեր կոնտակտային տվյալները ինչպես ճամպրուկի վրա, այնպես էլ նրա ներսում:

Մարդիկ, ովքեր ստորագրում են ճամպրուկի բոլոր պիտակների վրա, կարող են բծախնդիր թվալ, փոխարենը նրանք կգտնեն իրենց ճամպրուկը բավականին շուտ:

Անպայման ցուցակագրեք փաթեթավորված իրերը: Բայց որպեսզի չպահեք Ձեզ մոտ ավելորդ թուղթ, որը նույնպես կարող է կորել, պարզապես լուսանկարեք այն:

Լուսանկարեք նաև ճամպրուկի պարունակությունը և ճամպրուկը` դրսից:

Մտապահեք թիվը, որը կտեսնեք կշեռքի վրա ուղեբեռը հանձնելիս: Ի թիվս այլ բաների, քաշը նույնպես հանդիսանում է Ձեր ճամպրուկի տարբերակիչ հատկանիշը:

Որպեսզի շատ ցավոտ չլինի…

Իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ձեր ուղեբեռը, չնայած բոլոր նախազգուշական միջոցներին, չի կորչի: 100%-ով վստահ լինելու համար, որ ճամպրուկին վտանգ չի սպառնում, նվազագույնը պետք է այն Ձեզ հետ տանեք ինքնաթիռի սրահ: Սակայն դա հնարավոր չէ, իսկ, երբեմն, նաև հարմար չէ: Որպեսզի անհանգիստ չլինեք, մինչև Ձեր ճամպրուկը կգտնեն կամ, վատագույն դեպքում, եթե այն չգտնվի,պետք է լավ մտածել, թե ինչ վերցնել ձեռքի ուղեբեռում:

Բացի թանկարժեք իրերից և փաստաթղթերից, ձեռքի պայուսակում անհրաժեշտ է ունենալ առաջին անհրաժեշտության իրեր, որոնք կբավականացնեն 1-2 օր: Առաջին հերթին դրանք սպիտակեղենն է, ամենօրյա օգտագործվող դեղերը  և հիգիենիկ պարագաները: Լողափ մեկնելիս  ձեռքի պայուսակում չեն խանգարի նաև լողազգեստը, շորտը և շապիկը: Այլապես, տեսնելով ընկերներին, ովքեր հյուրանոցի համարում թողնելով ճամպրուկները նետվում են ծովը, Ձեր տրամադրությունը կարող է փչանալ երկար ժամանակով: Ընտանիքով ճանապարհորդելու դեպքում ավելի լավ է ընտրեք մի քանի փոքրիկ ճամպրուկները մեկ մեծի փոխարեն: Այլապես, կա վտանգ, որ առանց հագուստի կմնա ամբողջ ընտանիքը:

 

You might also like