Greenlight մարքեթինգային գործակալության ուսումնասիրության համաձայն` մարդիկ ավելի շատ տուրեր փնտրում են երկուշաբթի օրերին: Վերլուծելով Google-ի տուրերի մասին հարցումների ակտիվությունը` Greenlight-ի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ընկերությունները զուր գումար են վատնում հանգստյան օրերին գովազդելով իրենց տուրերը այս որոնման համակարգով: Տուրերի մասին հարցումները ավելի շատ լինում են երկուշաբթի օրերին: Հարցումների երկրորդ թեժ օրը չորեքշաբթին է, իսկ դրանից հետո օրեցօր հարցումների քանակը պակասում է: Ամենաքիչը տուրեր փնտրում են շաբաթ օրը:
Կիրակի օրերին հարցումների քանակը մի փոքր ավելանում է: Այդպիսով, վերլուծաբանները եզրակացնում են, որ տուրիստական ընկերությունները գերագնահատում են պոտենցիալ զբոսաշրջիկների քանակը, ովքեր հանգստյան օրերին մուտք են գործում համացանց հանգստի տարբերակներ փնտրելու համար: Greenlight-ում նշել են, որ շատ բրիտանական խոշոր տուրիստական ընկերություններ արդեն նկատել են այս միտումը: Սակայն տուրիստական ընկերություններից շատերը գովազդային բոլոր հոլովակները թողնում են հանգստյան օրերին` չգիտակցելով, որ ամենաշատը մարդիկ հանգստի մասին մտածում են աշխատանքային շաբաթվա առաջին օրը, ոչ թե հանգստի պահին: