Airbus ավիաընկերության հայտարարությունը գեր ուղևորների համար նստատեղերի լայնացման մասին առաջ է բերել ուղևորների մեծամասնության դժգոհությունը: Skyscanner-ի հարցման համաձայն` ուղևորների 84%-ը դեմ է նստատեղերի լայնացմանը, հետևաբար` ստանդարտ նստատեղերի փոքրացմանը: Ինչպես արդեն հայտնել ենք` Airbus-ի ինքնաթիռների նստատեղերի լայնությունը 18 դյույմ է, նախատեսվում էր տեղադրել հատուկ նստատեղ գեր ուղևորների համար` դարձնելով 20 դյույմ:
Այսպիսով, նրանց կողքին նստող ուղևորների տեղը կպակասի 1 դյույմով: Հարցմանը մասնակցել են 1.000 մարդ, ովքեր նշել են, որ այդ նորամուծության պատճառով ուղևորների երեք քառորդը կհայտնվեն անհարմար միջավայրում: Ներկա դրությամբ պարզ չէ, թե որ ավիաընկերությունները կտեղադրեն նոր նստատեղերը: Ամեն դեպքում, լայն նստատեղի և լրացուցիչ տեղի համար տոմսը մյուսներից թանկ չի արժենա: 10 հարցվածներից 8-ը վստահ է, որ «լայն» նստատեղերի ուղևորները պետք է վճարեն շատ. հայտնում է TravelDailyNews-ը: