Մադրիդում գործարկում են «Ելակային գնացքը»

Հանրահայտ «Ելակային գնացքը» (Tren de la Fresa) Մադրիդում պատրաստվում է իր  28-րդ շրջանի բացմանը: Զբոսաշրջիկներին սպասվում է էքսկուրսիա մայրաքաղաքից դեպի Արանխուես (Aranjuez), որը տեղակայված է Տախո և Հարամա գետերի ափին`  մայրաքաղաքից 47 կմ հարավ, ծանոթություն պատմության, տարածաշրջանի ավանդույթների և հյուրասիրության հետ: Մադրիդը Արանխուեսին միացնող երկաթգիծը կառուցվել է 1851 թվականին:

Այդ գնացքով վաճառականները մայրաքաղաք են տարել թարմ, քաղցր  ելակներ, որի շնորհիվ էլ գնացքը «Ելակային» անվանումն է ձեռք բերել: Էքսկուրսային ծրագիրը սկսվում է Paseo de las Delicias փողոցի Երկաթգծի թանգարանից (Museo del Ferrocarril), որտեղից  էլ գնացքը կշարժվի 9:05-ին: Ուղևորության ընթացքում  ուղեկցողները` հագնված ավանդական հագուստներով, ուղևորներին կառաջարկեն հայտնի ելակը, որով հպարտանում է Արանխուեսը: Ժամանելուն պես` զբոսաշրջիկները կուղևորվեն էքսկուրսիա  քաղաքի տեսարժան վայրերով` ներառյալ թագավորական պալատը և նավակների թանգարանը:

Ներկայացնելով երկաթգծի տոմսը` զբոսաշրջիկները կկարողանան 50 %  զեղչով  այցելել Ցլամարտի թանգարան, որը տեղակայված է Plaza de Toros-ում` ցլամարտերի անցկացման շենքում: Ետդարձը կլինի ժամը 18:30-ին և Մադրիդ կհասնի 20:10-ին: Գնացքը կաշխատի հունիսի 30-ից մինչև հոկտեմբերի  27-ը:  Տոմսերի արժեք կկազմի 29 եվրո մեծահասակների համար, իսկ  21 եվրո երեխաների համար:

You might also like