Թռիչքների կենտրոնը (Flight Center) հրապարակել է տեղեկատվություն օդանավակայանում կորցրած ճամպրուկների քանակի մասին: Համաձայն այդ վիճակագրության` ամեն շաբաթ 496 153 ճամպրուկ մինչև թռիչքի ավարտը չի հասնում իր սեփականատիրոջը: Իսկ օրական դրանց թիվը հասնում է 70 648-ի: 2011 թվականի ընթացքում ավիաընկերությունները կորցրել են 25 միլիոն ճամպրուկ, որը օրական կազմել է 70 000 հատ, ժամում` 3 000, ինչը 2010 թվականի ցուցանիշը բարձրացրել է 20%-ով:
Ընդ որում` 2.5%-ը կորել է կամ գողացվել է մինչև թռիչքը: Սրա հիմնական պատճառը, ըստ ավիաընկերությունների, բեռնման համար նախատեսված ժամանակի քչությունն է, բայց պակաս չեն խանգարում նաև առաքումն ու սխալ լրացրած պիտակները: Այնուամենայնիվ, կորած ուղեբեռների 99%-ը վերադարձվում է իրենց տերերին: Ավիաընկերություններին դրա համար պետք է լինում միջինում 48 ժամ: