Իսպանիայի Իբի քաղաքում բացվել է Hotel del Juguete(խաղալիքների հյուրանոց): Այն չորսաստղանի հյուրանոց է` ամբողջովին նվիրված խաղերի և խաղալիքների աշխարհին: Իսպանիայի առաջին մանկական հյուրանոցում կա 21 համար, որոնցից յուրաքանչյուրը ունի թեմատիկ ձևավորում. աստղաշատ երկնքի նման առաստաղ, ամրոցներ և այլն: Սենյակների պարզ ձևավորումը զուգորդվում է հեքիաթային և խաղալիքներով լեցուն աշխարհի հետ. խաղալիքների պատկերներ պատերին, փափուկ խաղալիքներ անկողնուն, հարկերի պահապաններ, միջնադարյան զինվորիկներ:
Հանգստյան օրերին մեկ գիշեր այստեղ ապրելու արժեքը չորս հոգու համար կազմում է 110 եվրո: Այդ օրերին հյուրերին կառաջարկեն բազմապիսի անիմացիոն ծրագրեր, հատուկ մանկական մենյու, խաղասենյակներ և խաղահրապարակներ, ինչպես նաև` էքսկուրսիա Իբիի խաղալիքների թանգարան, որտեղ երեխաները կիմանան, թե ինչպես են պատրաստում իրենց սիրելի խաղալիքները և կծանոթանան տարբեր դարաշրջանների խաղալիքներին: