Ֆինլանդիայում ամեն տարի անցկացվում է տոնակատարություն` նվիրված ելակի բերքահավաքի ավարտին: Այս տոնին կարելի է մասնակցել Սուոնենյոկի քաղաքում այս տարի հուլիսի 13-ից 15-ը: Փառատոնը սկսվում է թատերականացված ներկայացումից և քաղաքի փողոցներում անցկացրած շքերթից:
Այնուհետև պարգևատրվում են լավագույն ելակ-հավաքողները, ովքեր արագ և ամենաշատն են աշխատել հունիս ամսվա ընթացքում Ֆինլանդիայի տնկարկներում. նրանք դառնում են փառատոնի թագավորն ու թագուհին: Հյուրերին նաև սպասվում են բազմապիսի մրցույթներ (այդ թվում` հատապտուղի համտեսման), երգիչների և երաժիշտների կատարումներ: Կներկայացվի ելակը` իր բազմազանությամբ. սկսած թարմից, մինչև դրա կիրառումը պաղպաղակում, կոկտեյլներում, տորթերում և այլ ուտեստներում:
Սուոնենյոկին (Suonenjoki), տեղակայված Ֆինլանդիայի հարավ-արևելքում, գտնվում է Կուոպիոյից 50 կմ հեռավորության վրա: Այն իսկական ելակի աշխարհ է: Առաջին ելակային կառնավալը այստեղ տեղի է ունեցել 1970 թվականին: