Այն մասին, որ չի կարելի առանց հարցնելու ուրիշի ունեցածը վերցնել կամ ճանապարհն անցնել կարմիր լույսի տակով, մենք գիտենք վաղ մանկությունից, և այդ ամենը խելամիտ բացատրություն ունի։ Սակայն որոշ երկրներում օրենսդրությունն այնքան է հակասում առողջ մտածողությանը, որ այնտեղ ակամայից կարող ես անախորժությունների հանդիպել, տուգանք ստանալ, արտաքսվել կամ նույնիսկ բանտում հայտնվել։
Օրինակ, վերջերս Թայլանդն արգելեց երկիր բերել էլեկտրոնային սիգարետ, քանի որ դրանք մրցակցություն են ստեղծում սովորական ծխախոտի համար։ Օրինախախտները կպատժվեն 30 000 դոլար տուգանքով կամ 10 տարի ազատազրկումով, և սա ամենատարօրինակ օրենքը չէ։ Ձեզ ենք ներկայացնում 8 օրենք, որոնք գործում են աշխարհում և որոնք տարօրինակ են, ծիծաղելի և, նույնիսկ, մարազմատիկ։
8. Ոչինչ չի կարելի
ԱՄԷ-ի օրենքների մասին խոսելիս ավելի հեշտ է ասել, թե ինչ է այստեղ կարելի։ Այս երկրում խստիվ արգելվում է սպիրտային խմիչքներ օգտագործել հյուրանոցի սահմաններից դուրս, իսկ Ռամադանի ժամանակ՝ նաև հասարակական վայրերում սնվել (հյութն ու սուրճն՝ այդ թվում), և տուգանքն էլ դրա համար քիչ չէ։ Ամբողջ էմիրություններում խորհուրդ չի տրվում, իսկ որոշներում խիստ արգելվում է նույն համարում բնակվել կնոջն ու տղամարդուն, եթե նրանք ամուսնացած չեն։ Ավելին, հյուրանոցի ադմինիստրացիան իրավունք ունի գիշերվա կեսին ոստիկանության հետ մտնել համար և ամուսնության վկայական պահանջել։ Իսկ եթե այն չլինի, ապա կձերբակալեն, որպես կանոն, կնոջը։
Երկրում նաև արգելված է խոսել անծանոթ կնոջ հետ, եթե անգամ պարզապես ճանապարհն էիք հարցնում։ Մարդկանց առանց թույլտվության լուսանկար ևս չի կարելի, այնպես որ՝ կանանց լուսանկարելու հնարավորություն, ընդհանրապես, չկա, չէ որ մինչև լուսանկարը պետք է նրա հետ խոսել։
7. Թեթև վարքի պանիր
Որոշ իտալական քաղաքներում մինչ օրս ուժի մեջ է օրենք, որով արգելվում է մարմնավաճառներին լինել պանրի գործարաններում։ Օրենքը, թերևս, եկել է այն ժամանակներից, երբ համարվում էր, որ կնոջ վատ վարքը ազդում է շրջապատում ամեն ինչի վրա․ կաթը թթվում է, պանիրը փչանում, հավերը չեն ածում, իսկ գյուղատնտեսական մեքենաները՝ ժանգոտում։
6. Մի շնչեք գլուխգործոցի վրա
Պերուի իշխանությունները մեծ զգուշությամբ են վերաբերվում ինկերի ժառանգությանը։ Հնագույն Մաչու Պիկչու քաղաքում չի կարելի շրջել բարձրակրունկ կոշիկներով, տանել այնտեղ անձրևանոց, ձեռնափայտ և, նույնիսկ, ուսապարկ։ Կրունկների դեպքում ամեն ինչ հասկանալի է․ դրանք վնասում են հնագույն արժեքավոր ավերակները, նույնն էլ ձեռնափայտի դեպքում․ եթե զբոսաշրջիկը դժվարությամբ է քայլում առանց դրա, ապա նրա ծայրին պետք է ամրացվի փափուկ ռեզին։ Իսկ ուսապարկերը արգելված են, որպեսզի զբոսաշրջիկները իրենց հետ որպես հուշանվեր քարեր չտանեն։
5. Մինչև չուտես, դուրս չես գնա
Թուրքական առողջարաններում, որտեղ գործում է «ամեն ինչ ներառյալ» համակարգը, դոլարով պատժում են չուտող հյուրերին։ Օրենքը պետական մակարդակով դեռ չի ընդունվել, բայց մասնավոր հյուրանոցներում տուգանքներ են սահմանված նրանց համար, ովքեր շատ սնունդ են վերցնում, բայց չեն ուտում այն։ Օրինակ, Կեմերի հյորանոցներից մեկը 10 դոլար տուգանք է սահմանել նրանց համար, ում ափսեում մնացել է շվեդական սեղանից վերցրած ուտելիքների կեսից ավելին։
4. Նախանձը մեղք է
Շվեյցարական Բյուրգյուն քաղաքը շատ գեղեցիկ վայր է, բայց Ինստագրամի օգտատերերը այդ մասին երբեք չեն իմանա։ Այստեղ գործում է օրենք՝ ըստ որի արգելված է լուսանկարել և համացանցում տեղադրել տեղի բնապատկերները։ Արգելքի պաշտոնական արգելքը անսպասելի և հուզիչ է․ մարդիկ, ովքեր կտեսնեն այդ նկարները, շատ կվրդովվեն, որ հիմա այդտեղ չեն, իսկ քաղաքի իշխանությունները չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը իրենց պատճառով վրդովվի։ Խախտման համար սահմանված տուգանքը շատ սիմվոլիկ է՝ 5 եվրո։ Ի դեպ, օրենքն ունի բացառություններ․ կարելի է լուսանկարել գնացքի և տան պատուհանից, ինչպես նաև՝ հարսանիքի ժամանակ։
3. Ինչպես 300 տարի առաջ
Անգլիական կոնսերվատիզմի մասին լեգենդներ են պտտվում։ Որոշ օրենքներ ևս հարյուրամյակների պատմություն ունեն։ Գործող օրենսդրությունում մինչ օրս կա կետ, որով արգելվում է խորհրդարանի շենք գնալ ասպետական զենք ու զրահով։ Բայց, փոխարենը, կարող եք Լոնդոնյան կամրջով տեղափոխել ձեր ոչխարների հոտը՝ առանց որևէ վճարի։ Իսկ Յորք քաղաքում, նույնիսկ, կարող եք նետահարել շոտլանդացիներին (միայն ոչ կիրակի օրերին)։
2. Զգուշացված եք, ուրեմն՝ զինված եք։ Կամ ոչ։
Հիմար օրենքների քանակով առաջատարը ԱՄՆ-ն է։ Բայց դրանցից մեկը, հաստատ, կարելի է անվանել ամերիկյան հավաքածուի մարգարիտը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ ՈՒ․ Բուշի նախաձեռնությամբ Տեխասում ընդունված այս օրենքի համաձայն՝ հանցագործը հանցագործությունից նվազագույնը 24 ժամ առաջ պարտավոր է իր զոհին նախազգուշացնել (բանավոր կամ գրավոր՝ ըստ իր ցանկության)։ Ընդ որում, նախազգուշացման մեջ պետք է մանրամասնությամբ նշված լինի առաջիկա հանցագործության դետալները։ Դա չանելու դեպքում օրինախախտումը դատարանի կողմից կգնահատվի՝ որպես ծանրացուցիչ հանգամանք։
1. Գլուխս կորցնում եմ սիրուց
Իսկ վերջում՝ մի օրենք սարսափ ժանրից։ Պապուա -Նոր Գվինեայում մինչ օրս ապրում են պապուական օրենքներով, իսկ ամուսնական հավատարմությունը կուլտացված է։ Կնոջը դավաճանության մեջ մեղադրող ամուսինը օրենքով իրավունք ունի կտրել սիրեկանի գլուխը, իսկ նա մահապատժից առաջ պետք է ունի սիրուհու մատը։ Հակառակ կողմով այս օրենքը չի գործում։ Եթե տղամարդն է դավաճանում կնոջը, նրան ոչինչ չի սպառնում։