2018 թվականի 7 տուրիստական նպատակները
Լողափնյա հանգիստ Թայլանդում, ավտոբուսային տուր Եվրոպայում, լեռնադահուկային հանգիստ Ալպերում, շոփինգ Դուբայում․․․այս ամենն արդեն անցած էտապ են։ Գարնան գալսյան հետ ցանկություն է առաջանում նոր արկածներ որոնելու, նոր ընկերներ գտնելու և ինքդ քեզ նորովի բացահայտելու․․․
Ինչի՞ մասին են երազում աշխարհի տարբեր անկյունների զբոսաշրջիկները և ի՞նչ նպատակներ ունեն առաջիկա ճանապարհորդական տարում․․․
1. Եվս մեկ մայրցամաք ավելացնել ճանապարհորդական ցանկում
«Ես շատ եմ ճանապարհորդել իմ հարազատ Հյուսիսային Ամերիկայում, եղել եմ Եվրոպայում և, նույնիսկ, մի աչքով տեսել Ասիան, երբ անցել եմ Բոսֆորի վրայով Ստամբուլ գնալիս։ Այժմ ժամանակն է իմ ճանապարհորդական ցանկը ավելացնել ևս մեկ մայրցամաքով։ Հարավային Ամերիկան ընդգրկում է մի քանի աշխարհ․ բարձրալեռ Անդերից մինչև Ամազոնի ճահիճները, Կրակե Երկրի սառույցներից մինչև Ռիոյի թեժ կառնավալը»։
2. Երկար հանգստյան օրերը վերածել ճանապարհորդության
«Երկար հանգստյան օրերը թռչում են նույնքան արագ, որքան սովորականները, բայց բավական է դուրս գալ քաղաքից, և այն տպավորությունների տարափի շնորհիվ վերածվում է մինի ճանապարհորդության։ 2-3 ժամ թռչելով կարելի է գնալ այնքան հրաշալի վայրեր՝ Բուդապեշտ, Բուխարեստ, Վիեննա, Թբիլիսի, Երևան։ Նույն ժամանակն է` ինչ խցանումներով մեկնել ամառանոց»։
3. Թռչել հաջողակ ավիատոմսով
«Համացանցում պարբերաբար հայտնվում են ցնցող գներով ավիատոմսեր, բայց ես երբեք չեմ օգտվում դրանցից, քանի որ մանրամասնորեն պլանավորում եմ հանգիստս, ընտրում ուղղությունը, ժամկետները, և հետո միայն փնտրում ավիատոմս։ Բայց ինչու չի կարելի մի անգամ ամեն ինչ գլխիվայր շուռ տալ և մեկնել ինչ-որ տեղ, թեկուզ, միայն նրա համար, որ տոմսը գրեթե ձրի է։ Եվ, ինչպես ասվում է գովազդում՝ թող ողջ աշխարհը սպասի․․․»
4. Համարձակվել միայնակ ճանապարհորդել
«Ես նախկինում նույնիսկ չէի մտածի ճանապարհորդել առանց ընտանիքիս կամ ընկերուհուս։ Իսկ ոչինչ, որ իմ ընտանիքը արդեն տասը տարի է ընտրում է որևէ all Inclusive հյուրանոց ու հանգիստն անցկացնում այնտեղ, իսկ իմ սիրտը Իսլանդիայի գեյզերներն է ուզում կամ Նեապոլի բարձրալեռ արահետները։ Մի օր պետք է ամեն ինչ թողնել ու գնալ այնտեղ, որտեղ սիրտդ է ուզում քո լավագույն ընկերուհու՝ ինքդ քո հետ»։
5. Հաճելին համատեղել օգտակարի հետ
«Տուրիզմն ինքնին հաճույք է, բայց կամավորական ծրագրերը այլ յուրահատկություն են տալիս ուղևորությանը, լցնում այն կարևոր իմաստով ու աշխարհն ավելի լավը դարձնում։ Ընտրությունը շատ մեծ է․ երեխաներին անգլերեն սովորեցնել Թայլանդում կամ Կոստա Ռիկայում, արվեստ դասավանդել Հաիթիում կամ սպորտային սեկցիա անցկացնել Գանայում, իսկ, միգուցե, պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը, ուսումնասիրել կորալյան խութերը, ծառ տնկել կամ պաշտպանել արգելանոցի կենդանիներին»։
6. Վարվել ինչպես «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմի հերոսուհին
«Այս ֆիլմը շրջեց իմ ողջ կյանքը․ չէ որ կարելի է մեկնել ուր պատահի ու հիանալ մանրուքներով։ Ահա և ճանապարհորդության պլան․գաստրոնոմիական տուր Իտալիայում, յոգա տուր Հնդկաստանում, այնուհետև՝ երջանկության փնտրտուք հավերժ կանաչ Բալիում»։
7. Ավելի լավ ճանաչել հայրենիքդ
«Եվրոն ու դոլարը դեռ չեն պատրաստվում էժանանալ, բայց դա, բնականաբար, չի կարող կանգնեցնել իսկական ճանապարհորդին։ Մինչ օտար երկրների համար գումար հավաքելը կարող եք շրջել ձեր իսկ հայրենիքով, լինել հայտնի ու անհայտ վայրերում, այլ՝ զբոսաշրջիկի աչքերով նայել ձեր հարազատ քաղաքին»։