Ողջ աշխարհը օրերս նշում էր մոլորակի ամնենասարսափելի տոնը՝ Հելոուինը: Հեթանոսական այս տոնի ծագման պատմությունն ու նրա ավանդույթները, թերևս, արդեն գիտի յուրաքանչյուր փոքրիկ, բայց ոչ բոլորը գիտեն, որ նման փառատոններ կան տարբեր երկրներում, որոնք ունեն իրենց նպատակը և նշվում են յուրովի:
Սովյան հոգիների տոն, Չինաստան
Լուսնային օրացույցի յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը (այդ ամսաթիվը համընկնում է ամռան վերջին) Չինաստանում նշում են Սովյալ հոգիների տոնը: Կարծիք կա, որ հենց այդ ժամանակ մահացած նախնիների հոգիները գալիս են երկիր անդրշիրիմյան աշխարհից և մեկ ամիս շրջում են ողջերի մոտ: Ամեն տարի ընտանիքները սնունդ և ջուր են դնում մահացած հարազատների լուսանկարների առջև, որպեսզի հարգեն նրանց հիշատակը և օգնեն հանգիստ գտնել այլ աշխարհում, հատկապես նրանց, ովքեր կյանքից հեռացել են ոչ բնական ճանապարհով: Ամենուր վառվում են ծիսական ջահեր և լուսարձակներ, որոնք լուսավորում են երթը կրոնական արարողության ժամանակ:
Բոլոր սրբերի օրը, Շվեդիա
Alla Helgons Dag-ը (Բոլոր սրբերի օրը) Շվեդիայում հիշատակի և մտորումների օրն է, երբ ողջերը հանգանքի տուրք են մատուցում նահատակներին և հիշում մահացած հարազատներին՝ մոմեր վառելով նրանց գերեզմաններին: Այն նշում են նոյեմբերի առաջին շաբաթ օրը: Այն շվեդները, ում համար շաբաթը աշխատանքային օր է, սովորաբար ազատ օր են վերցնում, և այն անցկացնում գերեզմանատանը, որտեղ մոմերից բացի հարազատների գերեզմանաքարերը զարդարում են ծաղիկներով և դեկորատիվ կոմպոզիցիաներով: Քաղաքներում չեն աշխատում պետական մարմինները և նույնիսկ չեն թողարկվում թերթերը: Ժամանակակից Շվեդիայում Alla Helgons Dag-ը նախատեսված է հարազատների հետ անցկացնելու համար: Որպես կանոն, մարդիկ այն անցկացնում են ընտանիքով եկեղեցի այցելելով:
Օդո փառատոն, Նիգերիա
Ի տարբերություն այլ երկրների՝Օդո փառատոնը, որը նվիրված է մահացածների Երկիր վերադարձին, նշվում է տարին երկու անգամ, և տոնակատարությունները անցկացվում են ոչ թե մեկ կամ երկու օր , այլ՝ մի քանի ամիսներ: Տոնը բաժանված է երեք փուլի: Սկզբում մարդիկ կազմակերպում են ծիսական ողջույն նրանց համար, ովքեր երկիր են գալիս անդրշիրիմյան աշխարհից: Այնուհետև սկսվում է միջոցառում, որի ընթացքում հարազատները, իբրև թե, կարող են ժամանակ անցկացնել մահացածների հետ. այդ ընթացքում բոլոր շրջաններում կազմակերպում են դիմակահանդեսային ցուցադրություններ, երաժշտական միջոցառումներ և երգչախմբային երգեցողություններ: Դա տեղի է ունենում վեց ամիս. հենց այդքան ժամանակ են տրամադրում վերին ուժերը ողջերին մահացած հարազատների հետ շփման համար: Փառատոնի ամենաէմոցիոնալ և մռայլ մասը համարվում է հոգիների հրաժեշտը, քանի որ հարազատները «չեն կարող տեսնվել» հաջորդ երկու տարիների ընթացքում:
Մահացածների օրը, Լատինական Ամերիկայի երկրներ
Dia de los Muertos (Մահացածների օրը) ամեն տարի նշվում է Մեքսիկայում, Գվատելամայում, Հոնդուրասում և Սալվադորում: Այն նշում են երկու օր՝ նայեմբերի 1-ին և 2-ին. այդ օրերին կազմակերպվում են դիմակահանդեսներ և հյուրասիրություններ՝ գանգի և գերեզմանների տեսքով: Տոնի գաղափարը այն է, որ պետք չէ սգալ մահացածների համար: Ըստ լեգենդի՝ Մահացածների օրը նրանց հոգիները վերադառնում են երկիր, որպեսզի ժամանակ անցկացնեն հարազատների հետ, այդ պատճառով սուգն ու լացը նման հանդիպումների դեպքում պարզապես տեղին չեն:
Գայ Ֆոքսի գիշեր, Անգլիա
Հելոուինից հետո հինգերորդ գիշերը Մեծ Բրիտանիայում նշվում է Գայ Ֆոքսի գիշերը կամ Խարույկների գիշերը: Մարդիկ հիշում են 1605 թվականին Վառոդի դավադրության ձախողումը, երբ մի խումբ կաթոլիկներ փորձեցին պայթեցնել Լոնդոնի Խորհրդարանի շենքը բողոքական թագավոր Յակով I-ի գահակալական ելույթի ժամանակ: Հենց Գայ Ֆոքսն է փորձել վառել վառոդի տակառները Վեստմինստերյան պալատի նկուղում, բայց մասնակիցներից մեկը նախապես հայտնել է թագավորական լորդին նախատեսվող պայթյունի մասին և խորհուրդ տվել չգալ շենք նոյեմբերի 5-ին: Սակայն լորդը որոշել է պատմել բոլորին կայանալիք ահաբեկչության մասին և զգուշացրել թագավորին: Արդեն հաջորդ օրը Գայ Ֆոքսը ձերբակալվել է և նետվել Թաուեր: Այդ ժամանակից ի վեր ամեն տարի նոյեմբերի 5-ին ամբողջ Մեծ Բրիտանիայում վառվում են խարույկներ, որոնց վրա այրում են Գայ Ֆոքսի խրթվիլակը, իսկ Խարույկների օրվա նախօրեին երեխաները շրջում են փողոցներում և մեծերից մետաղադրամներ խնդրում, որպեսզի դրանցով պայթուցիկներ գնեն: