Ողջ աշխարհում ինքնաթիռների պատահարներին հետևող The Aviation Safety Network (ASN) ռեսուրսի վիճակագրության համաձայն՝ 2015 թվականը դարձել է ամենաանվտանգը ավիացիայի պատմության մեջ։ Տվյալները տեղադրված են պորտալի կայքում․ հայտնում է Lenta-ն։
ASN-ի տվյալներով՝ 2015 թվականին ամբողջ աշխարհում իրականացվել է 34 միլիոն չվերթ։Դրանցից 16-ի հետ պատահար է տեղի ունեցել տեխնիկական խնդիրների, եղանակային պայմանների և անձնակազմի սխալների պատճառով։ Այլ խոսքերով ասած՝ ամեն շուրջ հինգ միլիոն չվերթից երկուսը եղել է վթարային։ Ինչպես հստակեցնում է ռեսուրսը՝ դա ամենացածր ցուցանիշն է ավիացիայի պատմության մեջ։
Միևնույն ժամանակ, ASN-ը իր վիճակագրությունում հաշվի չի առնում ահաբեկչության կամ միտումնավոր գործողությունների արդյունքում վթարված ինքնաթիռները։ Այդպիսով, 2015 թվականի վիճակագրությունում չի ընդգրկվել Germanwings A320-ի վթարը, որը տեղի է ունեցել մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում՝ Ալպերում։ Այդ ժամանակ, հետաքննության վարկածով՝ ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը միայնակ փակվել է խցիկում և գիտակցաբար ինքնաթիռը մեծ արագությամբ ուղղել դեպի լեռը։
Ցանկում չընդգրկված երկրորդ դեպքը հոկտեմբերի 31-ին Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական Airbus A321 ինքանթիռի վրա իրականացրած ահաբեկչությունն է։
Ինչպես նշում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ ավիացիայի պատմության մեջ ամենամահացու տարին եղել է 1972 թվականը, երբ 72 ավիավթարների արդյունքում մահացել է 2370 մարդ։