ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Հայաստան ներկրված 2 զուգարանները զբոսաշրջության զարգացման համար մեծ նշանակություն ունեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ 2 զուգարանի համար ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար): Արա Պետրոսյանը նշեց, որ զուգարաններից մեկը տեղադրվել է Տաթևի ճոպանուղու մոտ, մյուսը՝ Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում: «Մենք ունենք զբոսաշրջային վայրեր, որտեղ տուրիստական հոսքերը բավականին մեծ են և այդ վայրերում նման զուգարաններն անհրաժեշտ են: Օրինակ՝ կան նաև վայրեր, որտեղ սալիկով և պեմզաբլոկով կառուցված զուգարանները մեկ ձմեռվա ընթացքում շարքից դուրս են գալիս: Սա մշակույթ է, որ աստիճանաբար պետք է ներդվի»,- ասաց Ա.Պետրոսյանը: Ըստ փոխնախարարի՝ սա պիլոտային ծրագիր է, որով փորձում ենք մասնավոր հատվածին ցույց տալ դրա էֆեկտիվությունը: «Այսինքն՝ կարելի է մեկ զուգարանը գնել 170 հազար դոլարով և եկամուտ ունենալ: Այդ զուգարաններում մաքրությունը պահպանելու համար ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում»,- ասաց նա՝ հավելելով, որ զուգարանները աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով, վճարը կլինի 200 դրամ:
Աղբյուրը` Panorama.am